հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրեր. Հասան Ալ Ջասեմ

Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրեր. Հասան Ալ Ջասեմ

Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս Նահանգի Դարայա բնակավայրում դեռևս 2016 թվականից դադարել էին մարտական գործողությունները, սակայն տարածքում առկա չպայթած զինամթերքի հետևանքով այն շարունակում էր մնալ անհասանելի և վտանգավոր տեղաբնակների համար:

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի միջև կնքված պայմանագրով «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը պարտավորվեց մոտ երկու միլիոն քառակուսի մետր տարածքներ մաքրել չպայթած զինամթերքից և այն հանձնել տեղական իշխանություններին:

Անցած մեկ տարվա ընթացքում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետները, ցուցադրելով բարձր մասնագիտական ունակություններ, միաժամանակ հաղթահարելով բազմաթիվ անվտանգային, կենցաղային և սոցիալական դժվարություններ, սակայն ստանալով Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշեմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ դեսպանության անձնակազմի բարձր աջակցությունը, մաքրել են ավելի քան 2 000 000մ² և ենթամակերեսային մաքրման միջոցով ավելի քան 1 400 000մ² գյուղատնտեսական նշանակության տարածքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թվով 522 ինքնաշեն և գործարանային արտադրության չպայթած զինամթերքներ, որոնք «ՀԱՓԿ» ՊՈԱԿ մասնագետների կողմից սահմանված կարգով տեղափոխվել են հատուկ նախանշված տարածք և պայթեցման եղանակով ոչնչացվել:

2022 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել վերոնշյալ տարածքների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտվել Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Սիրիայում հավատարմագրված օտարերկյա դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ի ականազերծման ծառայության տնօրեն Ջոզեֆ ՄքՔարտին և տեղի իշխանություների ներկայացուցիչներ, որոնք իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած բացառիկ աջակցության համար:

«Հայ ականազերծողների շնորհիվ է, որ այսօր հազարավոր մարդիկ վերադարձել են իրենց բնակավայրեր և շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, օրեցօր բարելավելով իրենց սոցիալական վիճակը» – իր խոսքում նշել է նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մաքրված տարածքների հանձնման-ընդունման վկայականի քառակողմ ստորագրման հանդիսավոր արարողությունը, որը ՀՀ-ի կողմից ստորագրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը՝ կատարված աշխատանքների վերաբերյալ, խորվաթական «ԴՈԿ-ԻՆԳ» ընկերության ներկայացուցիչ, ծրագրի որակի պատասխանատու Դամիան Ուոլկերը՝ կատարված աշխատանքների որակի համապատասխանության վերաբերյալ, ՄԱԿ-ի կողմից Ջոզեֆ ՄքՔարտին՝ որպես գրասենյակի տնօրեն և Դամասկոսի նահանգային իշխանության ներկայացուցիչ Հասան Ալ Ջասեմը՝ մաքրված տարածքներն ընդունելու վերաբերյալ:
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի անձնակազմը, մասնագիտական պարտականությունները բարձ որակով իրականացնելու համար, Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման գրասենյակի կողմից պարգևատրվել է պատվոգրով:

Սիրիայի Արաբական Հանրապետությունում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից իրականացվող աշխատանքները շարունակվելու են նաև 2023 թվականին:

  • Կիսվել: