հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հավատն եմ ընտրել ու կասկած չունեմ․ կամավորական Տիգրանը 44-օրյա պատերազմից հետո ամուսնացավ, որդի ունեցավ ու իր մեջ բացահայտեց նկարչի տաղանդը

Հավատն եմ ընտրել ու կասկած չունեմ․ կամավորական Տիգրանը 44-օրյա պատերազմից հետո ամուսնացավ, որդի ունեցավ ու իր մեջ բացահայտեց նկարչի տաղանդը

«Ես ես եմ, պատերազմից հետո էլ եմ ես՝ նույն զեյթունցի Տիկոն»,- Zarkerak.am-ի զրուցակցին՝ 44-օրյա պատերազմի կամավորական, նկարիչ 25-ամյա Տիգրան Մկրտչյանին խնդրում ենք ներկայացնել ինքն իրեն։ Բառերում շռայլ չէ Տիգրանը, ասում է՝ իրեն ճանաչելու համար պետք է շփվեն հետը։ Մենք էլ որոշում ենք հետևել նրա խորհրդին։

Առաջին փորձությունը կամ ապրել ի հեճուկս

«2016-ի հուլիսի 10-ին վիրավորվել եմ, շատ ծանր վիրավորում եմ ստացել։ Չեմ քայլել։ Հիմա ով նայում է, չի պատկերացնում, որ կարող եմ վիրավորված լինել»,- Տիգրանի առաջին փորձությունը ժամկետային զինծառայության ժամանակ էր, ծանր վիրավորում ստացավ Տավուշի դիրքերից մեկում։

«Բայց իմ մտքով չէր անցնում, որ կմահանայի, ինձ տեսիլք եկավ, Աստված ինձ ասաց, որ ես ողջ եմ մնալու, բայց չարչարվելու եմ։ Հետո հիշում եմ՝ բժիշկը վերակենդանացման բաժանմունքում եկավ ու ասաց, որ չեմ քայլելու։ Առաջին միտքս էր,  ես ո՞նց կարող եմ չքայլել»,- Տիգրանը դեռ երկար ու մի ամբողջ կյանք կհիշի վիրահատական սեղանին պառկած ժամանակ լսած խոսքերը, որոնք վճռի նման էին հնչում՝  ցանկություններդ ասա՝ մահանում ես․ «Իմ պատասխանը եղավ, եթե ապրեմ, ուրեմն քայլելու եմ։ Բժշկությանը հակառակ՝ համ ապրեցի, համ քայլեցի»։

Կամավոր լինելը՝ ընտրություն

2020թ-ի 44-օրյա պատերազմին Տիգրանը կամավոր մեկնեց մարտի դաշտ։ Հարցնում ենք, երբ արդեն իսկ անցել էր մի փորձության միջոցով, ի՞նչը ստիպեց  նորից հայտնվել «կրակների» տակ։ Ասում է՝ նման հարցեր էլի է լսել, սա այն դեպքն է, որ պատասխանները հստակ ունի․ «Ինձ որ ասում էին ինչու ես գնում, ասում էի՝ եթե գնացել եմ ու հետ եմ եկել, էլի գնալու եմ։ Որ ասում էին, ում համար ես գնում՝ ասում էի  իմ հայի տեսակի համար։ Իսկ որ հարցնում էին, որ մասում ես եղել՝ ասում էի  ես հայրենիքում եմ եղել, վայրն ի՞նչ կապ ունի»,-  Տիգրանը հայրենիքի իր բաժինը պաշտպանելիս սալջարդ՝ կոնտուզիա, ստացավ։  

Ամուր կանգել երկու ոտքի վրա՝ Հերոսների վերականգնողական քաղաքում

«3-4 ամիս առաջ դարձա ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան՝ Հերոսների վերականգնողական քաղաքի շահառու»,-պատմում է Տիգրանը,- «Այնտեղ ծանոթացա կենտրոնի հիմնադիր  Սուրեն Արեենցի հետ»։ Կմտածե՞ր Տիգրանը, որ, ինչպես ինքն է ասում, «ոտքը կենտրոնի դռնից ներս դնելուն պես», Սուրենի հետ շփումը դուրս կլինի շահառու-կենտրոնի հիմնադիր ձևաչափից և կդառնան ընկերներ։

«Որպես երկու տղա նստում,զրուցում էինք»,-այս զրույցներից մեկն էլ, թերևս ճակատագրական դարձավ Տիգրանի համար։ Նա կենտրոն մտավ իբրև կամավորական, բայց այստեղ ձևավորվեց և բացահայտվեց որպես նկարիչ․ «Սուրենը ինձ ընդունել է այնպես ինչպես կամ, մարդկային տեսանկյունից դա շատ կարևոր է։ Սուրենը շատ լավ գործ է անում։ Զինվորը կարող է անցնել ֆիզիոթերապիայի,  կինեզոթերապիայի, ասեղնաբուժության կուրսեր, տարբեր բժշկական միջամտություններ, բայց եթե չունեցավ հոգեկան առողջություն, բուժական մյուս գործընթացները ոչ մի բան են»։

Դառնալ նկարիչ․ Տիգրանի անսովոր բացահայտումը

«Նկարելը  ինձնից կիլոմետրերով հեռու էր։Ոչ մեկը չէր պատկերացնում, որ ես կարող եմ նման բան սկսել ու ներկայացնել հանրությանը։ Փաստորեն,  մարդիկ ինձ այդ կողմից էլ ճանաչեցին։ Կոպիտ ասած, զեյթունցի Տիկոյին ով ճանաչում էր, զարմանում էր, որ կարող է նկարել», - ասում է Տիգրանը և ընդգծում, որ ամիսներ առաջ բացահայտված տաղանդը շատերը տարօրինակության հետ են շփոթում, բայց ինքը լավ գիտի՝ դա առավելություն է, ու կարող ես և զեյթունցի Տիկոն լինել, և՛ նկարիչ։

Տիգրանը համար մի փոքր անսովոր է, երբ վերջին ամիսներին իր հասցեին նաև արվեստագետ բառն է լսում, ասում է՝ իրեն նման կերպ դիմողներին շտապում է հակադարձել․  «Ես եղել եմ այնպես, ոնց միշտ եղել եմ։  Ուղղակի մի հմտություն էլ եմ ավելացրել։ Դա չի նշանակում,  որ ես փոխվել եմ։ Մարդիկ ասում էին՝ գժվել ես պատերազմից հետո»,- Տիգրանն ասում է՝ շատերի համար էր անսպասելի իրեն բացահատելը՝ որպես նկարիչ, հարց էր առաջանում՝ մի՞թե բակերում մեծացած տղան նաև արվեստի ոլորտում կարող է իրեն դրսևորել․  «Ծանոթներս, ովքեր երկար ժամանակ ինձ հետ չէին շփվել, ասում էին՝ քեզ ի՞նչ է պատահել։ Ես էլ ասում էի՝ Տիկոն ընդհանրապես չի փոխվել, նույն Տիկոն է մնացել։ Ոչինչ, դեռ կսովորեն մարդիկ։ Ես կոտրում եմ արվեստով զբաղվողների մասին տարածված՝ աշխարհից կտրվածի կարծրատիպը»։

Եվ ստեղծվում է արվեստը․․․

Տիգրանը բացատրում և բացահայտում է, որ իր աշխատանքները ավանդական կտավներ  չեն, այլ իմպրովիզացիոն մտքերի մարմնավորում․  «Ես վերցնում եմ սև ու սպիտակ  էսքիզ։ Էսքիզի իմպրովիզացիոն պատկերը լրիվ ստեղծվում է տվյալ պահին։ Այսինքն՝ սև ու սպիտակ նկարը դնում եմ դիմացս  ու տվյալ պահին որոշում եմ, թե ինչով կսարքեմ»,- Տիգրան Մկրտչյանի աշխատանքային «գործիքները» բազմազան են, մեկը մյուսից հետաքրքիր ու անսովոր․ «Նկարները պատրաստում եմ հուլունքներով, մեխերով, թելերով, պտուտակներով,  հետո ներկերով աշխատում եմ դրանց վրա․․․ »,-  Zarkerak.am-ի հետ զրույցում Տիգրանը խնդրում է այստեղ բազմակետ դնել «որովհետև նյութերն անընդհատ փոփոխվելու են ու դրանց թիվը շատանալու է» ։

Նա ձեռքի բաժակն է ցույց տալիս․  «Կարող է չպատկերացնես, որ դրանով հնարավոր է կտավ  պատրաստել, բայց կարող եմ հիմա կոտրել ու դրանով նկար հավաքել»,- նա վստահ է՝  երբ  կլուծվի աշխատանքային տարածքի խնդիրը և ֆինանսական միջոցներն էլ բավարար կլինեն, իր աշխատանքների շարքն էլ անհամեմատ մեծ ու բազմազան կլինի։

40 կտավները պատրաստ են ներկայանալու

«Արվեսը մաքրություն է, ինչքան մեղքեր, չար մտքեր կան մեջֆ արվեստի միջոցով կարողանում ես դուրս հանել»,- հենց այս մտքով են ստեղծվել Տիգրան Մկրտչյանի աշխատանքները, որոնք շատ շուտով ցուցահանդես վաճառքի շրջանակում կներկայացվեն հանրությանը։ Ցուցահանդեսի նախապես որոշված վայրն էլ խորհրդանշական է՝ Հերոսների վերականգնողական քաղաքը։

«Անմարդկային պայմաններում եմ պատրաստվել այդ ցուցահանեսին», - ընդգծում է Տիգրանը և հավելում, որ ինքը բնակարանում է ապրում, իսկ շատ մեծ աշխատանքները, բնակարանում պատրաստելն իսկական փորձություն է․ «Նպատակ եմ դրել այս ցուցահանդես վաճառքի միջոցով իմ տուն-արվեստանոցն ունենալ։ Այն շոշափելի, առարկայական բնույթ ունի, բայց ի սկզբանե այս ցուցահանդեսի հիմքում ավելի բարձր, հոգևոր նշաձող եմ սահմանել։  Կյանքի մեխանիզմն է այդպես ձևավորված, եթե  նպատակակետը հոգևորն է, մաքուր սրտով տեսնում ես այդ բարձր կետը, ապա ավտոմատ կերպով իրականանում են նաև առարկայական ցանկությունները։ Ընդհանուր առմամբ, տուն-արվեստանոցը զուտ պայման է, որ ես կարողանամ անել մի շարք ծրագրեր»,- ասում է նա։

Երևի «ռենտգենի» ապարատ եմ․․․

Տիգրանն ասում է իր՝ մարդկանց ու կյանքը «ռենտգեն» անելու հատկությունները կտավներ պատրաստելիս իրեն շատ են օգնում։ Շատ բաներ արտաքին տեսքից անդին տեսնելու արդյունքում իր կտավներին փորձում է խորը միտք ու ենթատեքստ տալ․« Աբստրակտ ու հանելուկային կտավներ եմ սիրում, որ փնտրես ու գտնես թաքնված պատկերները»։

Հարցնում ենք՝  հատկապես ո՞ր  կտավի ենթատեքստն է իր սրտին ու մտքին հարազատ։ Պարզվում է՝ բարդ հարց է, մտածում է․

«Այդ  40 նկարները պիտի  հատ-հատ  նայեմ»։ Բայց առանց նայելու էլ մի քանի գործ հատուկ առանձնացնում է․  «Կոմիտասի շարք ունեմ։ Կոմիտասի ունեցած հոգեվիճակը, հոգևոր արժեքները կարևորելն  ինձ համար առանձնահատուկ է։ Ուղղակի ինքը մի  «բացթողում» ունի, ես այդ «բացթողում»-ը չարեցի, կոպիտ ասած, ես չգժվեցի»։  

Տիգրանի մի այլ աշխատանքում կյանքի գույներն են, կրկին իրեն հատուկ փիլիսոփայությամբ․ «Կյանքն ունի գույներ, ուղղակի այդ գույները պիտի տեսնես»։

Եվս մի աշխատանք՝ «Մատնահետք»․ «Մենք ամեն վայրկյանի վրա հետ ենք թողնում։ Պետք չէ ասել հետո կանեմ, թող  այս պահը կանցնի․ ամեն մի պահը կարևոր է։Տեսնու՞մ եք կտավում  գրված է՝  հավատ ու կասկած։ Ամեն վայրկյանը դրանից է կախված, հավատից և կասկածից։ Ու այս  տատանման մեջ երկու գույն կա՝  սև ու սպիտակ։ Եթե ընտրում ես հավատը կյանքը գունավորվում է։ Ես հավատն եմ ընտրել ու կասկած չունեմ»,- հետո  մի խորհուրդ․  «Եթե մի բանի հավատաս ու ոչ մի գրամ չկասկածես, չի կարող չստացվել»։

Գնալ մահվան հոսանքին հակառակ

Նկարներ ստեղծելու՝ անշունչ կտավին հոգի ու մարմնի տալու ընթացքում Տիգրանը երկար ժամանակ է ունենում մտածելու և՛ պատերազմի, և՛ վերապրելու ուժ գտնելու մասին․ «Դժոխքի հոտով ու համով ճանապարհ ենք անցնում։ Պիտի կարողանաս  այդ հոտը զգալով մնալ մաքրության մեջ»,- ասում է նա։

«Իսկ  դժոխքի հոտն ու համը չզգալու միակ պայմանը ապրելն է»,- գոնե ինքն այս սկզբունքով է ապրում։ Երևի հենց այս գիտակցումն էր պատճառը, որ դեռ պատերազմական օրերին հասկացավ՝ պիտի ամուսնանա՝ որ կյանքը շարունակվի․ «Պատերազմ գնալուց առաջ ընկերուհի ունեի, այդքան մահեր տեսնելով հասկացա՝ ինձ միայն դրա հակառակը կփրկի, մահվան հակառակը՝ այսինքն՝ ծնունդը»։

Այսպես, 7 ամիս առաջ Տիգրանին ու կինը՝ արցախցի Իսկրան որդի ունեցան՝ Վաչը․ «Հազարավոր տղաներ զոհվեցին, որ  պիտի ամուսնանային, երեխաներ ունենային։ Եթե  ես պատրաստվում էի ամուսնանալ ու  երկու երեխա ունենալ, հիմա պիտի ունենամ 2 և ավելի։ Ուզում եմ այն տղաները, որ զոհվել են, իրենց կյանքի մեկ տոկոսը գոնե, այսպես ապրելով լրացնեմ»։

«ՏԻԿ» բրենդը․ հեռանկարում մեծ պլաններն են

«Իմ բոլոր նկարների տակ  «ՏԻԿ» մակագրություն կա, ուզում եմ դա դարձնել բրենդ։ Այսպես ասած՝ ուզում եմ այն դարձնել մարդկանց դիզայներական իմպրովիզի յուրահատուկ ճիչ․ ուզում եմ գնորդը գա ու իր սև ու սպիտակ էսքիզի ճակատագիրը վստահի ինձ»,- ասում է Տիգրանը ։

Բրենդը, Տիգրանի համոզմամբ, կունենա ոչ միայն կոմերցիոն, այլ նաև բարեգործական  հատված, թեև նշում է, զինվորների համար իր արածը բարեգործություն պետք  չէ որակել․ «Չեմ ուզում դրան տալ բարեգործություն անունը, որովհետև ես «մեջի» մարդ եմ»։

Տիգրանը այս բրենդի շրջանակում մի հավակնոտ ծրագիր էլ ունի, որը վերաբերում է պատերազմում նահատակվածների ընտանիքների օժանդակությանը, բայց ոչ սովորական ձևով․ «Ես ուզում եմ զինվորների  ու նրանց ընտանիքների համար անել այն, ինչը ոչ մեկը դեռ չի արել»,- մտերմիկ զրույցում Տիգրանը մեզ հետ անկեղծացավ, թե հատկապես ինչ, բայց դեռ կլռենք։

Տիգրանն ասում է ՝ ապագայի մեծ պլանները  կազմելն ինքնպատակ չէ՝ փորձությունների ճանապարհին, սկսում ես շատ բաներ հասկանալ․ «Այս  6 տարին սպասել եմ  ու երևի սպասել եմ հենց այսօրվա համար։ Այս 6 տարիների ընթացքում շատ քիչ է պատահել, որ կարողացել եմ աշխատել՝ իմ ֆիզիկական առողջության պատճառով։ Ու հիմա ոչ թե մտածում եմ, որ հասել եմ սահմանված նպատակակետին, այլ համարում եմ, որ ինձ համար հնարավորությունների նոր դուռ է բացվել»։  

«Իմ բրենդի հիմքում  ապրեցնելու գաղափարն է,  լիքը հեռանկարային մտքեր ունեմ»,- հարցնում ենք՝ գոնե ինքն իր համար նպատակների իրականացման ժամկետներ սահմանե՞լ է։ Տիգրանը մեզ պատասխանում է՝ օրեր առաջ գրված իր բանաստեղծության վերջին տողով՝ ․․․Թող Աստծուն․․․

  • Կիսվել: