հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հարյուր անգամ ասացի՝ ոստիկանությունը լավ է անում՛. Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրում ոստիկանների գործողությունների մասին

Հարյուր անգամ ասացի՝ ոստիկանությունը լավ է անում՛. Հովիկ Աղազարյանը՝ Եռաբլուրում ոստիկանների գործողությունների մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ՛՛ճիշտ մոտեցում չէ՛՛ այն, որ զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան, որ ՀՀ վարչապետը մուտք գործի այնտեղ: Այս մասին Աղազարյանն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

Պատգամավորը հավելեց, որ ինքը չի տեսել, թե ինչ միջադեպեր են տեղի ունեցել զոհված զինծառայողների ծնողների ու ոստիկանության միջև:

Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ արդյոք ոստիկանների գործողությունները ճի՞շտ էին, Աղազարյանն արձագանքեց. ՛՛Բա եթե պետք է խանգարեն պետական միջոցառումը, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում՛՛։

Նկատառմանն ի պատասխան, որ մերժված Սերժ Սարգսյանի օրոք նման բան դժվար է հիշել, որ նախկինում լրագրողները կարողացել են լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Որովհետեւ մարդիկ կան, որոնք ասում են՝ չկա՞ մեկը, որ հոկտեմբերի 27 անի: Այսօր մեզ հոկտեմբերի 27 պե՞տք է: Ապահովում են, որ նման բան չլինի, վա՞տ են անում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, եւ ոչ մի քայլ ավելորդ չէ՝ կանխելու համար անկանխատեսելի գործընթացները՛՛:

Աղազարյանը նաեւ հավելեց որ խոնարհվում է բոլոր զոհվածների ծնողների առջեւ, բայց 18 տարեկան տղան, նրա խոսքով, արդեն ծնողինը չէ, այլ հասարակությանն է եւ պարտավոր է ամեն ինչ անել իր հայրենիքի պաշտպանության համար:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:

  • Կիսվել: