շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հարցում․ հայաստանցիների 48%-ն ամեն օր հանդիպում է ապատեղեկատվության և մոլորեցնող լուրերի

Հարցում․ հայաստանցիների 48%-ն ամեն օր հանդիպում է ապատեղեկատվության և մոլորեցնող լուրերի

Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) իրականացրել է հանրային կարծիքի հետազոտություն Հայաստանի բնակչության շրջանում՝ պարզելու համար հայաստանցիների վերաբերմունքը կորոնավիրուսի դեմ տարվող միջոցառումների, առողջապահական ճգնաժամի ու տեղեկատվության աղբյուրների նկատմամբ, հայտնում է media.am-ը։

Հարցմանը մասնակցել է 1517 հայաստանցի, հարցումն իրականացվել է հեռախոսով: Տվյալները հավաքագրվել են հունիսի 18-25-ի ժամանակահատվածում:

Հարցվածների 64%-ն ասել է, որ խիստ մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ և կարծում է, որ կարող են վարակվել իրենք, իրենց բարեկամներն ու ընկերները: 9%-ն ասել է, որ բոլորովին մտահոգված չէ:

«Ինչու՞ մտահոգված չեք, որ դուք կամ ընտանիքի որևէ անդամ կվարակվի կորոնավիրուսով» հարցին, 46%-ը պատասխանել է, որ ապահով է իրեն զգում, քանի որ պահպանում է համաճարակային կանոնները, իսկ 18%-ն ասել է, որ Covid-19-ը կեղծ վարակ է և դավադրություն:

Հարցվածների 71%-ը շատ մտահոգված է, որ վարակը մեծ հարված կլինի տնտեսությանը:

Հարցին, թե ինչպես են պետական մարմինները արձագանքում համաճարակին, ստացվել են պատասխաններ, որ ավելի լավ են աշխատում ոստիկանությունը (65%) և Առողջապահության նախարարությունը (64%), ամենից վատ ցուցանիշն ունի Էկոնոմիկայի նախարարությունը (27%):

Թե՛ վարչապետը, թե՛ պարետը ավելի շատ դրական են ընկալվում և հարցվածները բավարարված են նրանց աշխատանքով: Չնայած ճգնաժամի մարտահրավերներին՝ Հայաստանի հասարակությունը վստահում է վարչապետին (72%-ը շատ է վստահում):

Հարցին՝ թե որոնք են իրազեկման արդյունավետ աղբյուրները համավարակի օրերին, ստացվել են հետևյալ պատասխանները.

  • 65%- վարչապետի գրառումներն ու լայվերը Ֆեյսբուքում,
  • 15% – բարձրախոսներով իրազեկումը փողոցներում,
  • 13% – սոցիալական մեդիայի թարմացումները,
  • 11% – սոցիալական գովազդը (տեսանյութերն ու արտաքին պաստառները):

Հետաքրքիր է, որ հեռուսատատեսային գովազդի արդյունավետությունը նշել է հարցվածների ընդամենը 2%-ը:

Սակայն հեռուսատատեսությունը շարունակում է մնալ տեղեկատվություն և քաղաքական լուրեր ստանալու առաջնային աղբյուր (64%), որին հաջորդում է սոցիալական մեդիան (62%):

 

Բայց միաժամանակ՝ հեռուստատեսությունը որպես տեղեկատվական առաջնային հարթակ նշում են 50-ն անց մարդիկ (81%), իսկ սոցիալական մեդիան ավելի երիտասարդները՝ 18-29 տարեկան (83%):

Վստահելի լրատվամիջոցների ցանկն այսպիսին է.

  • Հանրային հեռուստատեսություն (18%)
  • Շանթ (16%)
  • Արմենիա (12%)
  • Ազատություն (9%)
  • ԱրմՆյուզ (4%)

վստահելի մեդիա

Որքա՞ն հաճախ եք հանդիպում լրատվամիջոցներում (նաև սոցիալական մեդիայում) ապակողմնորոշ կամ մոլորեցնող տեղեկատվություն կորոնավիրուսի մասին: Այս հարցը նաև թույլ է տալիս պարզել մեդիա արտադրանքը վերլուծելու հայաստանցիների հմտությունները:

Ամեն օր՝ ասել է հարցվածների գրեթե կեսը՝ 48%-ը:

 

Վստահելի աղբյուրների շարքում են՝ պարետատունը (57%), առողջապահության նախարարությունը (50%), ընկերներն ու ընտանիքը (41%):

Ռուսական մեդիան շատ վստահելի է համարում 14%-ը, իսկ արևմտյան միջազգային մեդիան՝ 8%-ը: Այս կետում ուշագրավ է, որ ավելի շատ մարդ կարդում է ռուսաստանյան աղբյուրներ, քան արևմտյան միջազգային մեդիա և այս համատեքստում էլ (ավելի շատ կարդալով), ավելի մեծ քանակի հարցվածներ (19%) ռուսական մեդիան համարում են շատ անվստահելի:

50%-ը նշում է, որ չի օգտվում արևմտյան միջազգային մեդիա աղբյուրներից:

 

Հարցումը ցույց է տալիս նաև, որ հայաստանցիների հիմնականում բավարարված են մեդիայի աշխատանքից:

Շատ բավարարված են 32%-ը, որոշ չափով՝ 29%-ը, բոլորովին բավարարված չեն՝ 16%-ը:

Ընդ որում՝ որքան բարձր է հարցվածների կրթական աստիճանը, այնքան ավելի քիչ է բավարարվածությունը մեդիա լուսաբանումից:

Բայց բոլոր դեպքերում՝ մեծամասնությունը համարում է, որ պետական ​​պաշտոնյաներն ու առողջապահության ոլորտի մասնագետները վարակի վերաբերյալ տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներն են:

  • Կիսվել: