կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգը սահմանելու մասին նախագիծն ընդունվեց

Հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր համակարգը սահմանելու մասին նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի:

«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայնվում էին նախկինում և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ավինյանը՝ հորդորելով երևանցիներին անձամբ ծանոթանալ նախագծին:

Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում:

Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 հազար դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 հազար դրամ: Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, երբ արդեն գիծ դուրս եկած կլինեն 8,6 մետր երկարություն ունեցող 171 ավտոբուսներ։ 

 

  • Կիսվել: