կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրային լողափում 2 ջրահեղձման դեպք է եղել, ներդնում ենք ջրային պարեկների ինստիտուտը. Փաշինյան

Հանրային լողափում 2 ջրահեղձման դեպք է եղել, ներդնում ենք ջրային պարեկների ինստիտուտը. Փաշինյան

Կառավարությունն իր հերթական նիստում  հավանության արժանացրեց Ներքին գործերի նախարարության ծրագիրը ջրային պարեկային ծառայություն ստեղծելու վերաբերյալ։

Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։

«Սա հերթական  փուլն է  Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար։ Մենք Սևանա լճում հսկողություն ուժեղացնելու անհրաժեշտություն ունենք, և ջրային ոստիկանությամբ ունենալու ենք կոմբինացված ծառայություն՝ ոստիկանության, փրկարարների եւ Սևան ազգային պարկի համագործակցությամբ։ Այս տարի հանրային լողափներում մենք ջրահեղձության երկու դեպք ենք ունեցել, քննությունն է ընթանում, որովհետև գոնե նման լողափներում մենք ջրահեղձության դեպքեր չպետք է ունենանք։ Սևանա լճում ջրային պարկների աշխատանքն էական փոփոխություն կբերի։ Սա նշանակում է, որ Սևանա լճում ջրային փոխադրամիջոցների երթևեկության կարգի խախտման դեպքում արձանագրումներ կլինեն, ալկոհոլի օգտագործման վերաբերյալ ստուգումներ կլինեն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծառայությունն իրականացնելու համար նախնական ձեռք է բերվել 8 երկտեղանոց սկուտեր եւ 3 տեղանոց չորս սկուտեր։

«Մենք ձեռք ենք բերելու 4 նավ, որոնք ամբողջ տարի կծառայեն Սեւանա լճում։ Այսինքն՝ ապօրինի ձկնաորսությունը գործնականում լինելու է անհնարին։ Սևանա լիճը կհսկվի նաև դրոններով», - ասաց ՆԳՆ Վահե Ղազարյանը։

Վերջինս  հավելեց, որ պարեկային ծառայությունը կներդրվի վերջինժ չորս մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատի և Արմավիրում։ Հաջորդ խնդիրը կլինի դրանցում կանանց ներգրավվածության բարձրացումը։

  • Կիսվել: