կիրակի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2023
Հանրապետության հրապարակի գորգի վրա ակցիա իրականացնողին բերման ենթարկեցին

Հանրապետության հրապարակի գորգի վրա ակցիա իրականացնողին բերման ենթարկեցին

Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ակցիա է իրականացնում՝ հայտարարելով, թե այն իրազեկման նպատակ ունի։ Նա իր հետ բերել էր մաշված մի աթոռ, որի վրա փակցված էր պաստառ: Պաստառի վրա կար կարմիր հետքեր եւ հետեւյալ գրառումը. «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղասպանություն»:

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետեւանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Իմ նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որ ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին», - ասաց քաղաքացին:

Նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, թե իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել. «Սա մեր երկրի սիմվոլն է»,-ասաց ոստիկաններից մեկը:

«Միայնակ իրականացնում եմ իրազեկման ակցիա՝ համաձայն հավաքների ազատության օրենքի տեղեկացնելու կարիք չունեմ: Իրավական հիմքը ասեք, որ չեմ կարող գտնվել այստեղ, ես կգնամ»,-ասաց  ադրբեջանագետը:

Ոստիկանները քաղաքացուն ուժով հեռացրին ակցիայի վայրից, այնուհետև բերման ենթարկեցին։

 

  • Կիսվել: