Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական և առևտրային փոխգործակցության համար։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է համաձայնագրի վավերացման հարցը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։
Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, որը վերաբերում է փոխադարձ առևտրի դյուրացմանն ու խթանմանը, ներքին շուկայի պաշտպանությանը, մաքսային կարգավորմանը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներին։
Համաձայնագրի անբաժանելի մաս են նաև կից ցանկերը, որոնցում ներառված են կոնկրետ ապրանքատեսակների մասով սակագնային արտոնություններ տրամադրելու կողմերի պատրաստակամությունը։
Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետության արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են, մասնավորապես՝ հանքային ջրեր (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 0 տոկոս), պահածոյացված մրգեր և բանջարեղեն (գործող մաքսատուրք՝ 20 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 0 տոկոս), մրգային հյութեր (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 0 տոկոս), ջեմեր (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքը նվազեցում է 50 տոկոսով) և այլն։
Արդյունաբերական ապրանքների մասով ընտրությունը ևս իրականացվել է վերոնշյալ սկզբունքով և ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են պղնձե արտադրանքը (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 0 տոկոս կամ մաքսատուրքի նվազեցում 3 տարվա ընթացքում մինչև 0 տոկոս), դեղամիջոցները (գործող մաքսատուրք՝ 5 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 0 տոկոս կամ նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 3-ից 15 տարվա ընթացքում մինչև 0 տոկոս), ոսկերչական իրերը (գործող մաքսատուրք՝ 15 տոկոս, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նշված խմբի առանձին ապրանքների մասով մաքսատուրքի նվազեցում 5-ից 15 տարվա ընթացքում մինչև 0 տոկոս) և այլն։
Պատգամավորների հարցերն ու տեսակետները վերաբերել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրաշրջանառության ծավալներին, համաձայնագրի վավերացման գործընթացի փուլերին և իրականացվող աշխատանքներին, Ինդոնեզիայից ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, հայկական ծագման ապրանքների պահանջարկի ձևավորման ուղղությամբ իրականացվող քայլերին և այլ խնդիրների։
Քննարկման արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։



