Գյումրու Բարեկամության զբոսայգում կանցկացվի «Վարդավառ-փառատոնը»
Հուլիսի 6-7-ը Գյումրու Բարեկամության զբոսայգում սպասվում է Վարդավառի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել քաղաքի բնակիչները, երեխաները, Գյումրի այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։
Ազգային պարեր և խաղեր, Վարդավառի ավանդական ջրախաղ, մանկական և սպորտային խաղերի մրցույթ, երաժշտություն, ազգային խոհանոցը ներկայացնող ուտեստների համտես և երեկոյան ռիթմիկ երաժշտություն․ այս ամենը տեղի կունենա «Վարդավառ-փառատոնի» շրջանակում, որը կազմակերպվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
«Վարդավառ-փառատոնի» նպատակն է նեկայացնել ազգային-ավանդական տոնի խորհուրդը, մասնավորապես վեր հանել մոռացված ավանդույթների կարևորությունն ու իմաստը, ինչպես օրինակ՝ խնձորների հյուրասիրությունը որպես բերքառատության, սիրո խորհրդանիշ և վարդաջրերի պատրաստումը՝ հաջորդ օրը միմյանց վրա ցողելու համար։
Գյումրին՝ իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ ուրույն նրբություն կհաղորդի Վարդավառի տոնակատարություններին՝ դարձնելով այն հիշարժան փորձառություն տեղացիների և այցելուների համար:
«Բարեկամության զբոսայգում «Վարդավառ-փառատոնի» կազմակերպումը կվերաիմաստավորի հանրային կանաչ գոտիների դերը հասարակական կյանքում, ինչպես նաև կխթանի Գյումրի քաղաքի զբոսաշրջային ներուժն ու պատմամշակութային գրավչությունը։ Մեզ համար անչափ կարեւոր է Բարեկամության զբոսայգում հյուրընկակել նման փառատոներ, որոնք կնպաստեն երիտասարդների շրջանում նոր հետաքրքրությունների ձևավորումը, ուրախ ժամանցի կազմակերպմանը, ինչպես նաև կխթանեն քաղաքի զբոսաշրջային, սոցիալ-տնտեսական աճը։ Սա հենց այն է, ինչ ցանկանում էր տեսնել այգու կառուցման նախաձեռնող՝ բարերար Ռուբեն Վարդանյանը, որը նաև ծրագրի հիմնական դոնորն ու նվիրատուն է: Նա միշտ առանձնահատուկ կարևորել է պետություն-մասնավոր-համայնք համագործակցությամբ ծրագրերի իրականացումը, և շատ ողջունելի է, որ այստեղ մենք այս մոդելի կիրառման արդեն հաջողված փորձ ունենք»- ասում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Մուրադյանը։
Վարդավառի բուն տոնակատարության օրը ջրախաղից բացի լինելու են ավանդական խաղերի մրցույթներ, մանկական ժամանցային գոտի, ազգային ավանդական ուտեստների պատրաստում եւ հյուրասիրություն, ազգագրական պարերի ուսուցանում, որը երեկոյան կամփոփվի երաժշտական ծրագրով։
Վարդավառի բուն տոնակատարության օրը ջրախաղից բացի լինելու են ավանդական խաղերի մրցույթներ, մանկական ժամանցային գոտի, ազգային ավանդական ուտեստների պատրաստում եւ հյուրասիրություն, ազգագրական պարերի ուսուցանում, որը երեկոյան կամփոփվի երաժշտական ծրագրով։
«Վարդավառ-փառատոնի» մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։
«Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի մասին
«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը և նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝ որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի համահիմնադիրը բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է:


