չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գյումրիում բախվել են Audi e-tron-ն ու Kawasaki մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 24-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Գյումրիում բախվել են Audi e-tron-ն ու Kawasaki մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. 24-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի:

Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Մուրադյանը, պարեկներ Սեդրակ Խաչատրյանն ու Հրայր Մկրչտյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է:

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած մոտոցիկլավարը Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռոման Մանուկյանն է:

  • Կիսվել: