շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյումրիում բացվեց  «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ցուցադրությունը

Գյումրիում բացվեց «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ցուցադրությունը

Գյումրու համայնքային ցուցասրահում օգոստոսի 13-ին մեկնարկեց  «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ցուցադրությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Բացառիկ պատմական վավերագրերով ու լուսանկարչական նյութով հարուստ այս ցուցադրությունը ներկայացնում է հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: Միջոցառման պատվավոր հյուրն է հայտնի հայ մարզիկ, լուսանկարիչ և սկաուտապետ Գրիգոր Ճոլոլյանի որդին՝ փարիզաբնակ մեր հայրենակից Պատրիս Ճոլոլյանը:

Ցուցադրությունը կյանքի է կոչվել Գյումրու համայնքապետարանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ համագործակցությամբ։ «Այս ցուցասրահում սովորաբար գեղարվեստի աշխատանքներ են  ցուցադրվում։ Այսօր հաճելիորեն շեղվել ենք ձևաչափից,  և ամբողջը սպորտի ու մարմնակրթության մասին է ցուցադրված, իսկ առիթը՝ 8-րդ համայակական խաղերն են, որոնց բացումը օրեր առաջ տեղի ունեցավ Գյումրիում։ Հենց սա է եղել պատճառը, որ պարոն Դեմոյանի առաջարկով Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում կազմակերպվել է այս ցուցադրությունը»,- ողջունելով հյուրերին՝ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Ցուցադրությանը ներկայացված են հետաքրքիր լուսանկարներ և տեղեկատվություն՝ հայկական սպորտի մասին։

367404155_1342645103296254_7493967760307562246_n.jpg (233 KB)

Այս ձևաչափով ցուցադրությունն առաջին անգամ ներկայացվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Դրանից հետո ցուցադրությունը ներկայացվել է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։

«Ես պատահաբար հայտնաբերում եմ «Մարմնամարզ»  թերթի կապոցը, և դա ինձ համար բացում է նոր աշխարհ՝ բազմաթիվ այլ աշխարհների հետ կապված։ Այնուհետև, նույն  տարում՝ շատ պատահական ու հաճելի հանդիպում եղավ Սեդա  Ճոլոլյանի հետ, ով հայտնի հայ մարզիկ, լուսանկարիչ  և սկաուտապետ Գրիգոր Ճոլոլյանի հարսն է։ Հենց Ճոլոլյան ընտանիքի երեք եղբայրներն անմիջական կապ ունեն հայկական մարմնակրթության ակունքների հետ։ Հակոբ Ճոլոլյան Սիրունուն համարում են հայկական մարզական, մարմնակրթական շարժման ոգեկոչողներից  ու գաղափարախոսներից մեկը: 1911 թվականի փետրվարին լույս է տեսնում հայկական առաջին մարմնամարզական, սպորտային հանդեսը, որը կոչվում էր «Մարմնամարզ», երկրորդ այդպիսի հանդեսը՝ մեկ օրինակ, լույս է տեսնում 1922 թվականին։ 1911-1914 թվականներին «Մարմնամարզ»-ը դարձավ ֆենոմենալ երևույթ թե՛ մամուլի պատմության, թե՛ հայկական սպորտի և մարմնակրթության առումով »,- ներկայացնելով հետաքրքիր փաստեր հայկական մարմնակրթությունից ու սպորտից՝ նշեց Հայկ Դեմոյանը՝ ողջունելով Գրիգոր Ճոլոլյանի որդուն՝ Պատրիս Ճոլոլյանին և նրա տիկնոջը՝ Սեդային, ովքեր աչքի լույսի պես պահում են այն արխիվը, որ իրենց է փոխանցել Գրիգոր Ճոլոլյանը։

367371991_596315389380458_1578957383817695096_n.jpg (1.59 MB)

Ցուցադրությանը ներկայացված լուսանկարները և հետաքրքիր տեղեկատվությունը տեղ են գտել նաև Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության մեջ։

Ցուցադրությունը բաց կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելած հյուրերի համար տասը օր։      

  • Կիսվել: