ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Գյումրիի Վերնիսաժը կծառայի որպես գյումրեցի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնող մշտական ցուցահանդես-տոնավաճառ

Գյումրիի Վերնիսաժը կծառայի որպես գյումրեցի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնող մշտական ցուցահանդես-տոնավաճառ

Գյումրիի Բարեկամության այգում փետրվարի 3-ին տեղի է ունեցել «ԵՄ-ը՝ բիզնեսի համար» (EU4Business) ծրագրի աջակցությամբ կառուցված սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացումը։

Պաշտոնական բացումն ուղեկցվել է մշակութային ծրագրով. ձմեռային խաղեր, ցուցահանդես-տոնավաճառ, վարպետության դասեր, սառցե շոու և այլն, որոնց մասնակցել են Գյումրի համայնքի բնակիչները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։

815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, հանդերձարաններով և անհրաժեշտ բոլոր պարագաներով։

Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես գյումրեցի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնող մշտական ցուցահանդես-տոնավաճառ։ Վերնիսաժի ֆունկցիոնալ տաղավարները կարող են փոխել իրենց կառուցվածքն ու կիրառությունը` ըստ անհրաժեշտության դառնալով սննդի կետեր կամ շրջիկ պատկերասրահներ։

«Կասկած չունեմ, որ այս այգին Գյումրիում զբոսաշրջության կատալիզատոր է լինելու և նոր շունչ կհաղորդի Շիրակի մարզին։ Այս այգին պարզապես նոր հանրային վայր չէ Գյումրու համար: Այն վկայում է պատմությամբ և մշակույթով հարուստ այս գեղեցիկ քաղաքի վերածննդի մասին: Ես հպարտ եմ, որ Եվրոպական միությունն աջակցում է այս ծրագրին», – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։

Վերնիսաժի տաղավարների և սահադաշտի կառուցումն իրագործվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից` «EU4Business» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։

  

  • Կիսվել: