երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է

«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է

Ցավոք սրտի ո՛չ Սունդուկյանի անձնակազմից և ղեկավարությունից, ո՛չ էլ նախարարությունից ոչ ոք չի եկել. դա խոսում է այն մասին, որ նրանց չի հետաքրքրում «Գոյ» թատրոնի լինել չլինելը, այսինքն մտահոգված չեն, դա փաստ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի մի քանի դերասանի հետ միասին երեկ նստացույց էր սկսել, և ամբողջ գիշերն անցկացրել թատրոնի մուտքի մոտ: 

«Դռան վրա գրված է հարգելի, բայց երբ դու նստում ես այդ հարգելի բառի տակ, արտահայտում քո  անհամաձայնությունն ու բողոքը, չեն գալիս նստեն, խոսեն, հասկանան, որ ինչ-որ մի բան լինի ի օգուտ երկու կողմի»,-ասում է Սարգիս Արզումանյանը և ցույց տալիս թատրոնի փակ դռան վրա փակցված գրությունը, որով Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը Գոյ թատրոնի «հարգելի» աշխատակիցներին առաջարկում է ծառայողական մուտքից օգտվել:

 

Սարգիս Արզումանյանի խոսքով, երեկվանից շատ զանգեր ու նամակներ է ստացել գործընկերներից: Նա հույս ունի, որ իրենց բողոքին կմիանա նաև հանդիսատեսը, և միասին կհասնեն նրան, որ նախարարությունը չեղարկի թատրոնների միացման որոշումը, և հնարավորություն կտա «Գոյ» թատրոնին անկախանալու:

«Այս նստացույցի նպատակն իմ կողքին համախոհներին համախմբելն է: Այսօր գալու են այն մարդիկ, ովքեր պատրաստ են  ֆեյսբուքյան և այլ հարթակներում մեկնաբանություններ անելուց բացի նաև գործել: Մենք կփորձենք այդ մարդկանց հետ համագործակցել»,-պարզաբանում է Սարգիս Արզումանյանը:

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց երեկ՝ ապրիլի 3-ին,  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ:

  • Կիսվել: