չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գործատուները ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերներն են. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՄԱՎԵՏԱ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին

Գործատուները ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերներն են. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՄԱՎԵՏԱ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի ղեկավար կոմիտեի նիստին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրերի ավագ համակարգող Արթուր Փոքրիկյանը և Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

Կարևորելով համագործակցությունը մասնավոր ոլորտի ընկերությունների հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ այժմ քննարկման փուլում է գտնվում «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը: Նախագծում, ըստ Արաքսիա Սվաջյանի, առանձնահատուկ շեշտադրվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը մատնանշել է ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները:

«ՀՀ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում դուալ ուսուցման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծավալների ընդլայնման և շարունակական զարգացման խնդիրը: Գյուղատնտեսական ոլորտի զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է: Այսօր արդեն կարող ենք վստահ խոսել կուտակված դրական փորձի և գոհացնող արդյունքների մասին և փաստել՝ պետական ու մասնավոր կառույցների միջև համագործակցությունը կարևոր դաշտ է, որտեղ ունենք անընդհատ փոփոխվող մարտահրավերներ: Դրանք պետք է հաղթահարենք մասնավոր հատվածի հետ աշխատելու նոր ձևաչափեր գտնելու ճանապարհով: Մասնավոր հատվածը, այսինքն՝ գործատուները, ՄԿՈՒ ոլորտի հիմնական գործընկերներն են՝ առանց որոնց այս ոլորտը չի կարող զարգանալ: Պետք է փորձենք գտնել մեխանիզմներ՝ համատեղ առաջ գնալու ու զարգանալու համար»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը կարևորել է «ՄԱՎԵՏԱ» ծրագրի շրջանակում համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների հետ՝ նշելով իրականացվող մի շարք բարեփոխումները, որոնք ուղղված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ՄԿՈՒ ոլորտի ֆինանսավորման նոր բանաձևը:

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով՝ կրթական համակարգը երկրի բարեկեցության համար առանցքային նշանակություն ունի: Նա  նշել է, որ վերջին շրջանում ամեն ինչ արվում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ. «Զարգացնելով դուալ կրթության համակարգը՝ մենք կնպաստենք երկրի տնտեսության աստիճանական զարգացմանը»:

Վերներ Թութը տեղեկացրել է, որ «ՄԱՎԵՏԱ» ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը կգումարվի 6 ամիսը մեկ անգամ՝ ծրագրի գործողություններն ու արդյունքները քննարկելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու համար:

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագիրն աշխատում է ՀՀ-ում դուալ կրթության ներդրման ուղղությամբ:

«ՄԱՎԵՏԱ» ծրագիրն աշխատում է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի, ՀԱԱՀ-ի Սիսիանի մասնաճյուղի (Սյունիք), Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի (Լոռի), Բերդի բազմագործառութային պետական քոլեջի (Տավուշ), Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանի (Արմավիր) և ՀԱԱՀ-ի Երևանի մասնաճյուղի հետ։

Ծրագրի շրջանակում ընտրված մասնագիտությունները ներառում են անասնաբուժությունը, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիան, ֆերմերային գործը, գյուղատնտեսական մեքենաները, կաթնաֆերմայի կառավարումը, պտղատու այգիների այգեգործությունը՝  ընկույզի և մրգերի մշակումը։

Նշենք նաև, որ «ՄԱՎԵՏԱ» ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

  • Կիսվել: