Գործատուներն աշխատողներին ստիպել են սոցիալական աջակցություն ստացած փողը կիսել իրենց հետ. ինչ կարող են անել աշխատողները՝ ըստ նախարարի
Այսօր 2019 թ. կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հաղորդում ներկայացրեց:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ կենսաթոշակի հետ կապված բողոքներ է ստացել: նա, մասնավորապես, նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքը սահմանում է, որ մարդը կարող է ստանալ իր թոշակն անկանխիկ եղանակով, բայց տարին մեկ պարտավոր է ներկայանալ: Երբ մարդն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում ներկայանալ, կամ լիազորագիրն է ուշանում, նա զրկվում է կենսաթոշակից, որը սեփականության իրավունքի խախտում է:
Նրա խոսքով՝ ստացվում է, որ մարդուն նույնիսկ հնարավորություն չի տրվում բացատրություն տալու, հիմնավորելու, թե ինչու է ուշացել:
ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր հերթին նշել է, որ սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում մարդկանց սպասարկում են ոչ բարեկիրթ, կոպիտ, որոշ դեպքերում խոչընդոտում են:
Ելնելով այս ամենից՝ պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ երկու տարվա ընթացքում մենք չենք կարողանում ունենալ մի համակարգ, որտեղ մարդիկ կդիմեն ու կսպասարկվեն բարեկիրթ:
Նրա հարցին պատասխանելով՝ նախարար Բաթոյաննա ասաց. «Բարեկրթության մասով մենք, այո, խնդիր ունենք: Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել այդ խնդիրը լուծելու: Ես հայտարարություն եմ տարածել սոցցանցերում՝ խնդրելով նշել կոնկրետ հասցեներ, թե որտեղ են իրենց հանդեպ կոպիտ վարվել: Սա համակարգային խնդիր ունի, մենք 55 տարբեր մարմիններ ունենք եւ 700 աշխատակիցներ ւ այս հարցին լուծում տալու համար գուցե էլի ժամանակ է պետք»:
Նա անդրադարձավ նաև կենսաթոշակ ստանալու պահանջին և ասաց, որ ներկայանալը պարտադիր է, որ փաստվի՝ մարդը Հայաստանում է:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ իրեն բողոքով դիմել են մի խումբ աշխատակիցներ: «Ասում են, որ գործատուն ստիպում է իրենց սոցիալական աջակցության տրամադրած գումարի մի մասը վճարել: Եթե անհրաժեշտություն կա, այդ սրճարանի սեփականատերերի տվյալները կտանք: Դուք ունե՞ք նման բողոքներ, որովհետեւ մարդիկ աշխատանքը կորցնելու վախից ստանում են գումարն ու մի մասը փոխանցում գործատուին, ինչն անառողջ շղթա է հիշեցնում»,-ասաց նա:
Այս հարցի վերաբերյալ Բաթոյանն ասաց, որ նման բողոքներ ստացել են ու հայտարարություն տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ընդառաջ չգնալ այդ պահանջներին, որովհետեւ դա օրենքի խախտում է, այդ աջակցությունը տրամադրվում է քաղաքացիներին:
Նախարարը նշեց, որ պետք է դիմել իրավապահ մարմիններին, քանի որ իրենք, բացի դատախազություն դիմելուց, որեւէ լիազորություն այդտեղ չունեն:
«Ինչ վերաբերում է վախենալուն, քաղաքացին պիտի վախը կարողանա հաղթահարել, այլապես մենք, իրավապահ մարմինները չենք կարողանա աջակցել»,-նշեց նա:



