ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գնել Սանոսյանը և Լիտվայի դեսպանը քննարկել են միգրացիոն ոլորտում համագործակցության հարցեր

Գնել Սանոսյանը և Լիտվայի դեսպանը քննարկել են միգրացիոն ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
 
Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է, և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։
 
Նախարարի խոսքով՝ Լիտվան բավականին հետաքրքիր զարգացման ուղի է անցել, բազմաթիվ ռեֆորմներ է իրականացրել, և շատ ոլորտներում Լիտվայի փորձը հետաքրքիր կլինի Հայաստանի համար։
 
Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն ևս կարևորել է ՏԿԵ նախարարության հետ առկա համագործակցությունը հատկապես տրանսպորտի ոլորտում, տրանսպորտային անվտանգության ոլորտում։ Լիտվայի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը 2020 թ. զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելու գործընթացին:
 
Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում, երբ համաճարակով պայմանավորված իրավիճակը մեղմվի, հնարավոր կլինի կյանքի կոչել նաև «Վիզ Էյր» ավիաընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ ուղիղ չվերթեր կազմակերպել Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով, որը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը։
 
Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն կարևորել է նաև վերականգնվող էներգետիկայի, ապագայում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը, փորձի փոխանակումը։ Քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո միգրացիոն ոլորտում համագործակցությունը։
 
Նախարարը կարևորել է դեսպանի հետ այս հանդիպումը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վիլնյուսում սպասվող «Անվտանգ տրանսպորտային համակարգը Հայաստանում» խորագրով համագործակցային ծրագրին և «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով Միջազգային տրանսպորտային ինովացիոն ֆորումի նախարարական նստաշրջանին ընդառաջ։

  • Կիսվել: