շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով»

Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «փոքրամարմին լինելու, գանգուր մազերի ու գերազանց սովորելու պատճառով»

Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում: «Ազատությանը» դիմած ծնողը խնդրեց չհրապարակել իր անունն ու նույնականացնող որևէ տվյալ: «Փոքր համայնքում մեզ կհալածեն»,- նեղսրտեց կինը, որն ասում է՝ 2 տարի շարունակ որդին դպրոցից տուն է եկել փոշոտ հագուստով, վնասվածքներով, մի անգամ էլ կոտրած թևով:

Ոստիկաններին իրենք չեն պատմել, որ դասընկերներն են դպրոցի բակում տղային ծեծել՝ նույն համայնքում չթիրախավորվելու համար։ Հալածանքների պատճառն ըստ մոր, որդու փոքրամարմին լինելը, փարթամ գանգուր մազերն ու գերազանց սովորելն են եղել։ Անչափահասի մայրն ասում է՝ պարբերաբար դիմել է դասղեկին ու տնօրենին։

Տնօրենի հետ վերջին խոսակցությունը եղել է շաբաթվա սկզբին, երբ իր անանուն նամակն արդեն հրապարակված էր:

«Երբեք չեմ մոռանա այս ապրումները»,- ասում է տևական ստորացումների ենթարկված պատանին, որը դասարանցիների օգնությունն է խնդրել, երբ իրեն մոտեցրել են սառը ծորակին:

Ոստիկանությունից ու Կրթության նախարարությունից ասում են՝ հիմնականում գործն իրենց է հասնում, երբ արդեն ծնողներն են սկսում վիճել կամ բանը հասնում է բռունցքներին:

Միայն նախորդ տարի, ոստիկանները շուրջ 700 դեպք են կանխել, երբ անչափահասները փորձել են ինքնուրույն հաշիվներ պարզել ու հայտնվել են ոստիկանների տեսադաշտում: Ելքը կարող էր ողբերգական լինել, եթե ժամանակին չկանխվեր, ասում են տեսուչները: Այս թիվը 2022-ին շուրջ 3 անգամ մեծ է եղել: Զգալի մասն, ըստ ոստիկանության, հենց բուլինգի դեպքեր են եղել: Բայց բուլինգը Հայաստանում քրեականացված չէ, իրավապահներն անգամ հստակ վիճակագրություն չեն վարում:

Աշխարհում 13-15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 միլիոնը, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել: Սա երեխաների անվտանգությամբ զբաղվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին՝ 2018-ի զեկույցն է։ «Խնդրի հստակ պատկեր է պետք», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետ Վիկտորիա Օհանյանը՝ կարևորելով, որ հենց դպրոցներում սկսեն գրանցել բուլինգի դեպքերը:

«Դպրոցը դառնում է պոզիտիվ պարտականության կրող՝ տեսնելու իդենտիֆիկացնելու բուլինգի դեպքը ու տալու դրան համապատասխան ընթացք, որի արդյունքում այդ դեպքը կարձանագրվի, կձևավորվի համապատասխան վիճակագրություն, մենք կկարողանանք պատկերացում կազմել այն մասին, թե մենք ինչքանով հաճախ է տեղի ունենում բուլինգի դեպքը, որ տարիքային խմբերում ավելի շատը, ինչպիսի դրսևորումներ է ունենում», - ասաց Օհանյանը:

Իսկ ԿԳՄՍ-ից տեղեկացնում են՝ մշտական վերապատրաստումներ են կազմակերպում դպրոցներում, բոլորում արդեն հոգեբանների հաստիք կա, տնօրենների առաջ էլ նոր պահանջներ են դրել: Ու չնայած այս աշխատանքներին՝ մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա զեկույցը փաստում է՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգն աննախադեպ ծավալների է հասնում:

Ըստ զեկույցի՝ հարցաթերթիկ լրացրած երեխաների զգալի մասն ասել է, որ հեշտությամբ բարկանում են ինչ-որ մեկի վրա, օրվա մեծ մասը բարկացած են լինում, հարվածել են, երբ ինչ-որ մեկն իրենց առաջինն է հարվածել: ՄԻՊ-ը եզրահանգել է՝ հանրակրթական հաստատություններում բացակայում են բուլինգի դեպքերի պատշաճ արձագանքման մեխանիզմներն ու գործիքները։

Ծնողի անանուն ահազանգից հետո Գեղարքունիքի մարզի այս դպրոցը հայտնվել է ոստիկանության, կրթության տեսչական մարմնի ու նախարարության ուշադրության կենտրոնում: Երեխաների հետ Կրթության նախարարության հոգեբաններն են աշխատում։ Դեպքից հետո դպրոց գնալ հրաժարվող պատանու հետևից այսօր դասընկերներն ու դասղեկն են եկել, դպրոց տարել, թեև նկատել է՝ իրեն ստորացնող տղաները դժգոհ դեմք ունեին: Հույս ունի, որ հիմա ինքն ավելի պաշտպանված կլինի, որոշել է իրավաբան դառնալ:

  • Կիսվել: