երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, ապա գազախողովակներին․ տուժած անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, ապա գազախողովակներին․ տուժած անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Լարիսա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Հրազդան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Աշոտ Գ․-ին պատկանող «VAZ 21120» մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել գազատար խողովակներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Ռուբեն Բ․-ն և 13-ամյա Նարեկ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գեղարքունիքի մարզի Սևանի վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: