կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետը հրահանգել է ուշադրություն դարձնել շինարարական պայմանագրերի ժամկետների խախտման դեպքերին

Գեղարքունիքի մարզպետը հրահանգել է ուշադրություն դարձնել շինարարական պայմանագրերի ժամկետների խախտման դեպքերին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ  քննության է առնվել  կրթության,  առողջապահության, քաղաքաշինության, հողաշինության, ենթակառուցվածքների կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, սոցիալական  ոլորտներում առկա հիմնախնդիրների կարգավորման հետ կապված հանձնարարականների կատարման ընթացքը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կարեն Սարգսյանը հրահանգել է առանձնակի ուշադրություն դարձնել առանձին ծրագրերի մասով շինարարական պայմանագրերի ժամկետների խախտման դեպքերին, որոնց հայտնաբերման ու արձանագրման դեպքում դրանք պետք է ընդգրկվեն  նաև համայնքներում իրականացվող վարչական վերահսկողության օրակարգային հարցերում, իսկ թերացող  կազմակերպությունների նկատմամբ պետք է ձեռնարկվեն համարժեք քայլեր։

Քննարկվել է նաև աղբավայրերին մոտիկ ու մարզով անցնող  միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերին վերջին օրերին ստեղծված սանիտարական անբավարար վիճակը։ Մարզպետը հանձնարարել է կարճ ժամկետում շտկել իրավիճակը՝ ճանապարհաեզրերը  մաքրելով  կենցաղային աղբի թափոններից։

  • Կիսվել: