երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ

Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ

Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում առաջարկվել է սահմանել համաչափ տուգանքի մեխանիզմներ:

Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:

Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կընձեռվի իրականացնել սպառողների իրավունքների անհրաժեշտ մակարդակով պաշտպանություն, ինչպես նաեւ կբարձրացվի տնտեսվարողների գործունեության թափանցիկության մակարդակը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է ՀՀ չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկին իրականացված ստուգմամբ չկատարելու դեպքերում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 1 տոկոսի չափով:

Սպառողները կկարողանան լցակայանից օգտվելիս QR կոդերի միջոցով մուտք գործել համակարգ եւ ծանոթանալ տվյալ լցակայանի ընդհանուր գործունեությանը, որի արդյունքում սպառողները կտիրապետեն լցակայանների գործունեության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը: Կատարվել են նաեւ խմբագրական փոփոխություններ:

Լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: 

  • Կիսվել: