կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը

«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը

Փետրվարի 13-ին ժամը 17:00-ին «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու  տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը: 

«Պահպանության Ծառայություն« ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Գառնի» արգելոց-թանգարանում նախանշված միջոցառումը կմեկնարկի Գառնի համայնքի Սուրբ Խաչ  եկեղեցուց: Մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ու ազգային երգ-երաժշտության ուղեկցությամբ կշարժվեն արգելոց-թանգարան, որտեղ միջոցառման համար առանձնացված հատուկ  վայրում /խոտածածկ տարածքում/ կվառվի  Տյառընդառաջի խարույկը:

«Գառնի»-ում կատարումներով հանդես կգա «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում ևս միջոցառումը կսկսվի ժամը 17։00-ին։ Խարույկը կվառվի  արգելոցի տարածքում՝ հատուկ առաձնացված վայրում։

«Լոռի բերդ»-ում կատարումներով հանդես կգա «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը։ 

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում նախանշված միջոցառման նպատակը՝ ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն ու մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելն է։

Մուտքը՝ պատմամշակութային արգելոց և արգելոց-թանգարան այցելության  համար  նախատեսված տոմսերով։ 

  • Կիսվել: