հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գարնանային ալերգիաներ․ ախտանիշներ, վտանգներ և կանխարգելում

Գարնանային ալերգիաներ․ ախտանիշներ, վտանգներ և կանխարգելում

Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։
 
Գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդություններն են՝
Ալերգիկ ռինիտ՝ հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն
Ալերգիկ կոնյուկտիվիտ՝ աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում
Բրոնխիալ ասթմայի սրացումներ՝ շնչահեղձություն, սուլոց շնչառություն, գիշերային կամ երկարատև հազ
Մաշկային ալերգիաներ՝ քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն
 
Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։
 
Երբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր
 
Որոշ դեպքերում ալերգիան կարող է առաջացնել անաֆիլաքսիա՝ կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Զգուշացնող նշաններն են՝ շնչառության դժվարացում, կոկորդի կամ լեզվի այտուց, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում։ Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել շտապ օգնության։
 
Ինչպես նվազեցնել գարնանային ալերգիայի ազդեցությունը
 
Քամոտ և չոր օրերին սահմանափակեք երկար զբոսանքները
Դրսից տուն մտնելիս փոխեք հագուստը և լվացվեք
Լվացեք մազերը երեկոյան՝ ծաղկափոշին հեռացնելու համար
Օդափոխեք տունը անձրևից հետո կամ երեկոյան ժամերին
 
Ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը հորդորում է չզբաղվել ինքնաբուժմամբ։
 
«Հակաալերգիկ դեղերի սխալ օգտագործումը կարող է անարդյունավետ լինել կամ առաջացնել կողմնակի ազդեցություններ։
 
Ախտանիշների առկայության դեպքում դիմեք մասնագետի։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ընտրված թերապիան թույլ է տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը և պահպանել ակտիվ կյանքը»,- նշել է մասնագետը։

  • Կիսվել: