երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Գարեջրատնից ԲԿ է տեղափոխվել տղամարդու դի. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

Գարեջրատնից ԲԿ է տեղափոխվել տղամարդու դի. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում «Աստղիկ» ԲԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ Իսակովի պողոտայից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Շահբանդարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 6 հասցեում գործող «Կիլիկիա» գարեջրատնից, ով Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մելիք Ս-ն էր։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: