ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գարեգին Բ-ն Հայկ Մարությանի հետ քննարկել է Երեւանում եկեղեցապատկան կառույցներին վերաբերող հարցեր

Գարեգին Բ-ն Հայկ Մարությանի հետ քննարկել է Երեւանում եկեղեցապատկան կառույցներին վերաբերող հարցեր

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանի քաղաքապետ տիար Հայկ Մարությանին:

Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ մաղթեց պրն. Մարությանին եւ իր վարչակազմին՝ կարեւորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը եւ առկա խնդիրների լուծմանը:

Հայոց Հովվապետը նաեւ գնահատանքով անդրադարձավ Մայր Աթոռի եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ առկա արդյունավետ գործակցությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ քաղաքապետն իր հերթին Նորին Սրբությանը ներկայացրեց մայրաքաղաքի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Պրն․ Հայկ Մարությանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Եկեղեցու եւ քաղաքի միջեւ փոխգործակցության խորացմանը եւ ընդլայնմանը ի նպաստ երեւանաբնակ ժողովրդի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ մայրաքաղաքում եկեղեցապատկան կառույցների՝ երեք հայորդյաց տների, մանրանկարչության դպրոցի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վարպետաց տան, բարեգործական ճաշարանների, մանուկների խնամքի ցերեկային կենտրոնի գործունեությանը, ինչպես նաեւ եկեղեցիների խնամքին ու պահպանությանը վերաբերող հարցերին։

  • Կիսվել: