երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում

Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում

Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ և շրջաններ՝ ի աջակցություն և համերաշխություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, միացել են Հայաստանի կառավարության հումանիտար նախաձեռնությանը՝ տրամադրելով ընդհանուր 50 տոննայից ավել հումանիտար օգնություն: Ցավոք, պետք է արձանագրել, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ներկայումս հնարավոր չէ հումանիտար բեռի այս խմբաքանակը տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Հաշվի առնելով, որ հումանիտար ապրանքները՝ պարենամթերքը, մանկական սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաներն ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ, հիշյալ բեռները պահեստավորվել են Գորիսում և շրջակա համայնքների պահեստներում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ տեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: