Եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան Եզիդի տոնը, որի գլխավոր խորհուրդը համերաշխությունն է
Հայաստանի եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան Եզիդի տոնը: Եզդի ժողովուրդն ունի իր սովորույթները, ավանդույթներն ու տոները, որոնք պահպանվել են դարեր շարունակ: Այս օրերին եզդիները նշում են իրենց նախահոր տոնը:
Հրավիրված ասուլիսում Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը նշեց, որ տոնի գլխավոր խորհուրդը համերաշխությունն ու միասնությունն է:
«Կարմիր Սըլթան Եզիդը, ըստ ավանդույթի, իջնում է երկիր խաղաղություն ու միասնություն հաստատելու համար: Յուրաքանչյուր եզդի, ով գժտված է ինչ-որ մեկի հետ, այդ օրը պարտավոր է հաշտվել նրա հետ: Չհաշտվողները չեն կարող եզդի համարվել»,- ասաց Խդր Հաջոյանը:
Կարմիր Սըլթան Եզիդի տոնը սկսվում է դեկտեմբերի 13-ին հաջորդող երեքշաբթի օրվանից: Բուն տոնը նշվում է տվյալ շաբաթվա ուրբաթ օրը, սակայն մինչ այդ եզդիները, ավանդույթի համաձայն, ծոմ են պահում, որը մաքրագործվելու խորհուրդ ունի:
Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ տոնի ավանդույթների համաձայն՝ նախ շնորհավորում են հանգուցյալներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
«Եզդիներն այցելում են հոգևորականի տուն, որտեղ սուրբ մասունք է դրված լինում: Միմյանց շնորհավորում են ու օրհնություն ստանում: Օրհնանքի խոսքն այսպես է լինում՝ Սուրբ Եզիդը ձեզ բերի բարօրություն, ազնվություն, երջանկություն և բախտավորություն: Օրհնություն լինի հայոց աշխարհին, հայոց պետականությանը»,- նշեց շեյխ Բրո Հասանյանը:
Նրա խոսքով՝ եզդիները աշխարհի հնագույն ազգերից մեկն են, որ կարողացել են մինչև 21-րդ դարը պահպանել իրենց բոլոր ազգային, հնագույն ավանդույթներն ու տոները, և սա այդ տոներից մեկն է: «Երկուշաբթի օրը այն եզդիները, ովքեր ունեն հնարավորություն, իրականացնում են զոհաբերություն (մատաղի արարողություն) Սըլթան Եզիդի պատվին և հաջորդող երեք օրերին ուտելիքները պատրաստում են հենց այդ մսից: Իսկ ուրբաթ օրվանից՝ շաբաթ և կիրակի մենք արդեն ճանապարհում ենք Կարմիր Սըլթան Եզիդին»,- ասաց հոգևոր առաջնորդը:
Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի խոսքով՝ Հայաստանում բավականին բարենպաստ պայմաններ են ստեղծված ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց մշակույթն ու ավանդույթները: Նա ընդգծեց, որ այդ հարցում Հայաստանը միշտ է առանձնացել հատուկ վերաբերմունքով ու լավ օրինակ է շատ այլ երկրների համար: Այն հնարավորություններն ու ապրելակերպը, որը ունեն եզդիները Հայաստանում, ուրիշ ոչ մի երկրում չկա:


