ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Սյունիքում երկու քոլեջ կարդիականացվի

Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ Սյունիքում երկու քոլեջ կարդիականացվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանն ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հեռանկարները, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը՝ ուղղված կրթության ոլորտի զարգացմանը:

«Հաստատվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի գործողությունների պլանի հաստատումից հետո զարգացման գործընկերների հետ քննարկումներ ենք ունենալու և սկսելու ենք համագործակցության նոր փուլ՝ ծրագրի իրականացման նպատակով»,- նշել է նախարարի տեղակալը՝ ավելացնելով, որ այս առումով ակնկալվում է Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցություն:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում: Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Նախարարի տեղակալը նաև նշել է, որ գործողությունների պլանի հաստատման համար սահմանվել է եռամսյա վերջնաժամկետ:

Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ ԵՄ-Հայաստան երկխոսության համատեքստում կրթության ոլորտն առաջնայիններից մեկն է.

«Կրթության բոլոր ուղղությունները Կենտրոնական Եվրոպայում մեր բանկի ներդրումային գործունեության հիմնական ուղղվածություններից են: Կրթության ոլորտին մենք իսկապես մեծ ուշադրություն ենք դարձնում, տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական, այլև փորձագիտական աջակցություն»,- ասել է Մաչեյ Չուրայը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու լրացուցիչ ու շարունակական կրթության իրականացման, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման ուղղություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված բարեփոխումները, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի առաջնային խնդիրներն ու զարգացման ուղղությունները:

Նշվել է, որ Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում դիտարկվում են Սյունիքում կրթական նոր մոդելի ներդրման և հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման հարցերը: Անդրադարձ է եղել Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր համագործակցության մեկնարկին, որի շրջանակում նախատեսվում են Սյունիքի տարածաշրջանային և Գորիսի պետական քոլեջների վերանորոգում, արդիականացում և վերազինում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Սյունիքի մարզի երկու քոլեջներում ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ շեշտելով, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը ռազմավարական կարևոր ուղղություններից մեկն է:

Կողմերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի հետ հնարավոր այլ համագործակցության հեռանկարները:

  • Կիսվել: