հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունն արգելել է պատերազմի հետ կապված մահապատժի կիրառումը. Սիրանուշ Սահակյան

Եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունն արգելել է պատերազմի հետ կապված մահապատժի կիրառումը. Սիրանուշ Սահակյան

Եվրոպայի խորհրդի որեւէ անդամ-պետությունում մահապատիժը թույլատրելի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով պետական դավաճանության դեպքում որպես պատիժ՝ մահապատիժը կիրառելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկին։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ մարդու իրավունքներին առնչվող պայմանագրերն ունեն առանձնահատկություններ. «Երբ պետությունները հանձնառում են մարդու իրավունքների ոլորտում պարտավորություններ, դրանց չեղարկումը եւս ենթարկվում է սահմանափակումների։ Մահապատիժն արգելված է քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի շրջանակներում մի շարք հանձնառություններից, դրա ուղղակի վերականգնելը հնարավոր չի լինի»։

Իրավապաշտպանի խոսքով՝ Եվրոպական կոնվենցիայի ներքո անձին մահապատժի ենթարկելը համարվում է նաեւ խոշտանգում. «Խոշտանգումը բացարձակ արգելք է։ Այսինքն՝ Եվրոպական դատարանը կյանքի իրավունքը պաշտպանելուց զատ արգելում է խոշտանգումը»։

Սահակյանը պատմեց, որ մահապատիժն այս պահին որոշ առաջադեմ երկրներում էլ դեռ գոյություն ունի. «Օրինակ՝  ԱՄՆ-ի որոշ նահանգներում այն թույլատրելի պատժի տեսակ է։ 1950-ականներից սկսած, երբ ընդունվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ սկսեցին մշակվել տարածաշրջանային փաստաթղթերը, առաջ քաշվեց այն թեզը, որ մահապատիժն անհամատեղելի է մարդու իրավունքների ստանդարտների հետ, ուստի որպես առաջադիմական մոտեցում, պետք է Եվրոպան հրաժարվի մահապատժից»։

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ անգամ կայացած իրավական համակարգ ունեցող երկրներում դատական սխալի հավանականությունը կա, եւ այդ սխալի գոյության պայմաններում անձին մահապատժի ենթարկելն առաջ է բերելու անդառնալի վնասներ։

Սահակյանն ընդգծեց, որ դա ունի նաեւ կրոնական եւ բարոյական մասեր. «Մարդն Աստծո ստեղծածն է եւ մարդկային ճակատագրերը ենթակա են որոշման Աստծո շրջանակում, եթե այն մարդը չի պարգեւել, ուստի անթույլատրելի է նաեւ բնության եւ Աստծո օրենքներին դեմ գնալը եւ մարդկային գործոնով անձին կյանքից զրկելը։

Բարոյական է այն առումով, եթե մենք պայքարում ենք սպանության դեմ, կյանքի իրավունքի պաշտպանությունն ենք մեծացնում, ապա մեծ հաշվով մարդասպանների քանակը չի նվազի, եթե մենք ունենում ենք դահիճներ, որոնք որեւէ խախտում կատարած անձին ենթարկում են մահապատժի»։

Անդրադառնալով դատախազության այն պարզաբանման, որտեղ նշված է, որ Եվրոպական կոնվենցիայի արձանագրության 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում՝ Սիրանուշ Սահակյանն արձագանքեց. «13-րդ արձանագրությունը վավերացրել են բոլոր անդամ-պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Դատախազությունը չի ներկայացրել ամբողջական տեղեկատվությունը»։

Սահակյանի կարծիքով՝ նման նախաձեռնությամբ հանդես գալու առիթ չկար, ըստ նրա, այս նախաձեռնությունն արհեստածին է. «Դատախազությունը պետք է կարողանար ցույց տալ, թե մահապատժի բացակայությունն ինչպես է ազդում այդ արարքի դեմ պայքարի վրա։ Նախ պատժի խստությունը դեռեւս չի երաշխավորում կանխարգելում։ Ավելին, կա ապացուցված մոտեցում, որ չարդարացված խիստ պատիժները հանգեցնում են հանցավորության աստիճանի մեծացման։ Մենք գիտենք, որ ցանկացած հանցագործություն ունի իրեն ծնող պատճառներ եւ պայմաններ։ Արդյո՞ք Դատախազությունը վերլուծել եւ հանրությանը ներկայացրել է, թե պետական դավաճանությունը ծնող պայմանները եւ պատճառները որոնք են։ Դրանց մեջ կան առվազն երկու պատճառներ, որոնք մենք մեր շրջանակներում ի հայտ ենք բերել՝ մեկը սոցիալական պատճառներն են, եւ երկրորդը՝ թույլ վերահսկելիություն. երբ պետական գաղտնիքին տիրապետող անձինք եւ նրանց գործունեությունը պատշաճ վերահսկողության չի ենթարկվում թե՛ Զինված ուժերի ներսում, թե՛ ԱԱԾ-ի կողմից։ Այսինքն՝ մենք ունենք հսկողություն իրականացնող մարմիններ, որոնք թերանում են իրենց գործառույթների իրականացման հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: