ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Եթե թողնենք, այս իշխանությունը կփորձի Հայաստանից արտաքսել բոլորին, որոնք իրենց դեմ են. Գեղամ Մանուկյան

Եթե թողնենք, այս իշխանությունը կփորձի Հայաստանից արտաքսել բոլորին, որոնք իրենց դեմ են. Գեղամ Մանուկյան

Եթե այս իշխանություններին թողնենք, Սփյուռքի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որեւէ թթու խոսք են ասել, իրենց մուտքը կարգելի, ավելին՝ կփորձի արտաքսել Հայաստանից բոլոր այն քաղաքացիներին, որոնք  այս իշխանությունների դեմ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի  «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

«Տոտալ անհանդուրժողականություն կա, ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ դա սահման չի ճանաչում, եւ այս առումով նաեւ կուզեմ մատնանշել, որ իշխանությունը դա սարսափելի տմարդի ու գաղտագողի է անում: Պարբերաբար փորձ է արչվում ասել՝ լավ, հրապարակեք ցանկն այն քաղաքացիների, որոնց մուտքը Հայաստան արգելված է: Դա էլ չեն անում: Մեր քաղաքացիներից մի քանիսը, որոնց մուտքը ՀՀ արգելված է, միշտ վերջին պահին են անդրադառնում: Բոլոր այն անձինք, որոնց մուտքը ՀՀ արգելված է, նրանք իրենց համայնքներում, եւ Ֆրանսիայում, եւ Հոլանդիայում, ամենաակտիվ հայկական շահը առաջ տանող պայքարի առաջամարտիկներ են: Նրանք պետք է ավելի շատ լինելին Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի փուշը, քան թե Հայաստանի համար ոչ ցանկալի անձ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ՀՅԴ հայտարարության, «առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի  «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը»:

  • Կիսվել: