երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եթե քուչա-քուչա առանձին ինքնություն ձևավորենք, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում․ Փաշինյան

Եթե քուչա-քուչա առանձին ինքնություն ձևավորենք, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում․ Փաշինյան

Համայնքների խոշորացման գործընթացը նոր կառավարության ձևավորումից հետո առկախվել էր, իրականացվում էր մոնիտորինգ՝ հասկանալու խոշորացման լավ ու վատ կողմերը: Այսօր կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Նրա խոսքով, մոնիտորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ճիշտ կառավարման և վարչատարածքային ճիշտ բարեփոխումների պարագայում խոշորացված համայնքներն ավելի արդյունավետ են գործում, և խոշորացման մասին տեղեկացնելու են նաև հանրությանը:

Նախարարը միաժամանակ ասաց՝  այնպես չէ, որ բոլոր խոշորացված համայնքները հաջողված են, կան նաև թերացումներ, որոնք պետք է շտկվեն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոշորացման գործընթացը դադարեցվել էր ոչ թե ուսումնասիրությունների, այլ այն պատճառով, որ Կառավարությունը հայտարարել էր՝ առանց համայնքի և բնակիչների համաձայնության՝ հանրաքվե տեղի չի ունենալու: 

Ն.Փաշինյանը նաև ասաց, որ կառավարությունը 2020-ին 16 միլիարդի սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, և այդ ծրագրերի ճնշող մեծամասնությունը՝ հենց խոշորացված համայնքներում:

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում միջինից մի քիչ մեծ քաղաքի թվով բնակչություն է ապրում։ Եվ եթե մենք էսպես մարզ-մարզ, գյուղ-գյուղ, քուչա-քուչա առանձին ինքնություն ձևակերպելու պրոցես սկսենք, մեզ ոչ մի լավ բան ապագայում չի սպասվում»,- ասաց Փաշինյանը։

Նա խոստացավ, որ ամեն ինչ անելու են այդպիսի գործընթացի վտանգավորությունը ցույց տալու համար։

 

 

  • Կիսվել: