ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե հիմա երկրաշարժ սկսվի, ի՞նչ անենք. Անդրանիկ Քոչարյանը՝ փոխնախարարին

Եթե հիմա երկրաշարժ սկսվի, ի՞նչ անենք. Անդրանիկ Քոչարյանը՝ փոխնախարարին

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել է 2023-ի պետբյուջեի նախագիծը: Խոսելով սեյսմիկ կայունության մասին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Սպիտակի երկրաշարժից հետո վերլուծություններ են արվել, թե ի՛նչ կլինի, եթե, Աստված չանի, նման երկրաշարժ լինի Երեւանում, պետք է շենքերի ամրացման ծրագիր ունենալ:

Նա նշեց. ՛՛Բարձիկների խնդիրը Լոռիում, Գյումրիում մի քանի շենքերի վրա արվեցին, պետք է ավելացվի: Նոր շենքերի վրա դրվում են դրանք, բայց այն, ինչ կլինի հին շենքերի հետ, պատկերացրեք, տասնապատիկ ավելի մեծ ավերածություններ են սպասվում, ինչ եղավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Գոնե բարձրահարկ դպրոցների դեպքում իրականացնենք այդ ծրագրերը՛՛:

Ինչպես պատասխանեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ սեյսմիկ ծառայությունը իրականացնում է ամենօրյա աշխատանք, ստանում են աշխատավարձ, դրա համար բյուջեում հավելյալ գումար չեն նախատեսել: Իսկ հին շենքերի սեյսմիկ ռիսկի գնահատում կլինի, կհաշվարկեն ծախսը. ՛՛Դա բավականին խոշոր գումար է ենթադրելու, մենք մեր մասով այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում ենք՛՛:

Փոխնախարարը վստահեցրեց, որ լուրջ հետեւում են, որ նոր շենքերի դեպքում սեյսմակայունության բոլոր պահանջներն ապահովեն, նախագծով դրական եզրակացություն չեն տալիս, եթե խախտում եղավ: Քոչարյանը հետաքրքրվեց՝ բա որ նախագիծն անտեսում է կառուցապատողը, տալիս եք դրական եզրակացություն, չի անում՝ նա պատասխանեց. ՛՛Չէ, կառուցելու դեպքում վերահսկող մարմին կա՛՛:

Անդրանիկ Քոչարյանը հորդորեց նաեւ տեղեկատվական նյութեր տարածել. ՛՛Ազգաբնակչություն, երեխաներ, հեռուստատեսությամբ հաղորդումներ…գիտեմ, որ ձեռնարկները կան՝ լավ մշակված: Հիմա, ասենք, մենք նստած զրուցում ենք ու բյուջեի նախագիծ ենք քննարկում, եւ երկրաշարժը սկսվեց, ի՞նչ անենք, մտնենք սեղանի տա՞կ, թե՞ չմտնենք, շատ ամուր սեղաններ են, ո՞ւր գնանք, որտե՞ղ ավելի պաշտպանված կլինենք:

Քոչարյանն ընդգծեց, որ ճապոնացիները, օրինակ, ՛՛բարի լույսի՛՛ հետ սովորեցնում են մարդկանց, թե ինչ անել նման դեպքերում, իսկ մենք չենք անում: Փոխնախարարը վստահեցրեց, որ այդ տեղեկացման ծրագիրը լայն թափով իրականացնում են դպրոցներում, ուսումնական հաստատություններում, ՏԻՄ մարմիններում. ՛՛Օրինակ՝ մեր մասնագետները գնում են բանկեր ու սովորեցնում են, թե իրենց աշխատակիցները ինչ վարքագիծ են դրսեւորելու՛՛: Քոչարյանն էլ արձագանքեց. ՛՛Շատ լավ է, որ բանկեր գնում են, որովհետեւ իրենք փողի հետ գործ ունեն, բայց իրենք բունկեր ունեն, գիտեն ուր են իջնելու՛՛:

  • Կիսվել: