երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը

Եթե հարազատները դիահերձարաններից չվերցնեն նույնականացված դիերը, հուղարկավորությունը կկազմակերպի պետությունը

Եթե լինեն որոշ անձինք, ովքեր անհեռանկար կերպով չեն վերցնի նույնականացված դիերը դիահերձարաններից, պետությունը իր վրա կվերցնի պատասխանատվություն՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ որոշ ծնողներ տարբեր պատճառներով հրաժարվում են վերցնել 44-օրյա պատերազմին մասնակցած իրենց զավակների կամ հարազատների աճյունները:

Նախարարի խոսքով՝ զոհվածների մարմինները չեն կարող երկար ժամանակ մնալ դիահերձարաններում, անգամ եթե սառնարանային պայմաններ կան: 

«Ընդհանրապես պատերազմներից հետո պիտի հասկանանք, որ ինչ-որ մի ժամանակ տրվում է, որ նույնականացման պրոցեսը իրականացվի, այնուհետեւ՝ ճանաչման և հուղարկավորության: Բայց եթե կլինեն անձինք, ովքեր անհեռանկար ձևով կձգձգեն պրոցեսը, պետությունը իր վրա պիտի վերցնի պատասխանատվություն նաև հուղարկավորությունը կազմակերպելու, որովհետև որևէ տեսանկյունից ճիշտ չԷ այդքան երկար ժամանակով պահելը: Սա նուրբ հարց է, ես կխրախուսեի, որպեսզի եկեղեցական ներկայացուցիչներն էլ լծվեն այս գործին, և տարբեր գերատեսչությունների հետ համագործակցեն, համատեղ քննարկման արդյունքում մենք կգտնենք այս իրավիճակից լավագույնս դուրս գալու ելքերը: Հիմա քննչական մարմինները, պաշտպանության նախարարությունը և մի ամբողջ թիմ աշխատում են ծնողների հետ, որպեսզի նրանք դիահերձարաններից վերցնեն իրենց հարազատի աճյունը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով նաև այն հարցին, թե ինչու նախարարը հրաժարական չի տալիս այն բանից հետո, երբ համացանցում տարածվեցին ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում պահվող զինծառայողների դիերի լուսանկարները, որոնք, տոպրակներով փաթաթված, դրված էին գետնին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց՝ դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողնման համար կրել են պատասխանատվություն, իսկ ինքը այդ հարցի հետ կապված ներողություն է խնդրել զոհվածների հարազատներից և դա համարում է բավարար:

«Այո, ես պատշաճ եմ համարել, որ նման նուրբ թեման լրացուցիչ ցավ է պատճառել հարազատներին և կրելով պատասխանատվություն՝ ներողություն եմ խնդրել: Երբ կատարվում է ոչ պատշաճ բացթողում քո համակարգում, դու ինքդ պետք է պատասխանատվություն վերցնես, սա իմ պատասխանատվությունն է: Ես հարկ եմ համարել ներողություն խնդրել, բայց հարկ չեմ համարում հրաժարական տալ, որովհետև, կարծում եմ, որ կա կոնկրետ անձի կողմից բացթողում, և իմ պատասխանատվությունն է դրա հետևանքները օրենքի շրջանակներում իրականացնել»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:

Հավելենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների 100-ից ավելի նույնականացված մարմիններ կան, որոնք տարբեր պատճառներով հարազատները չեն վերցնում դիահերձարաններից: Թե հատկապես որոնք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որ ծնողները չեն վերցնում զոհված որդիների աճյունները, մանրամասներ չեն հայտնվում: Բայց, օրինակ, կան դեպքեր, երբ նրանք ուղղակի չեն ուզում ընդունել, որ իրենց տղան զոհված է, հավատում են, որ նա գերեվարվածների մեջ է ու մի օր վերադառնալու է:

  • Կիսվել: