ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե 24 ժամվա ընթացքում չեղավ մեղադրանքը, այդ ժամանակ արդեն պահանջը իրավականից կփոխվի այլ հարթություն

Եթե 24 ժամվա ընթացքում չեղավ մեղադրանքը, այդ ժամանակ արդեն պահանջը իրավականից կփոխվի այլ հարթություն

Նախնական 24 ժամով նստացույցի ենք նստում եւ պահանջում ենք, որ զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկած 13 ոստիկաններին 24 ժամվա ընթացքում մեղադրանք առաջադրվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՔԿ-ի դիմաց 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Բոլոր փաստերով ապացուցված է, որ մեր 5 կանանց նկատմամբ բռնի ուժ կիրառեցին եւ մարմնական վնասվածքներ հասցրեցին, ունենք նաեւ դատաբժշկի թուղթը: Եթե այդ 12 ոստիկանին  նախնական մեղադրանք չառաջադրվեց եւ նաեւ իրենց գումարտակի հրամանատարը, ով այստեղ ներկայացրեց, որ ես եմ տվել հրամանը, եթե այս 13-ին մեղադրանք չառաջադրեն, 24 ժամ հետո մենք նոր հայտարարությունով հանդես կգանք:

Մինչ այսօր մենք իրավականից այն կողմ չենք անցել, բայց եթե 24 ժամվա ընթացքում չեղավ մեղադրանքը, այդ ժամանակ արդեն պահանջը իրավականից կփոխվի այլ հարթության մեջ: Գործողություններ կան անելու: Մենք ամբողջ գիշեր այստեղ ենք լինելու, եկեք միացեք մեզ: Վաղը ուղիղ էս ժամին մենք լրացուցիչ հայտարարություն կանենք»,-ասաց նա:

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները այսօր ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել այն 12 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

  • Կիսվել: