շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես չեմ ասել, որ վաղը փակելու եմ այդ հեռուստաընկերությունները, մենք կմտածենք նրանց այդ ձգտումները բավարարենք, թե՞ ոչ. ՀՌՀ նախագահ

Ես չեմ ասել, որ վաղը փակելու եմ այդ հեռուստաընկերությունները, մենք կմտածենք նրանց այդ ձգտումները բավարարենք, թե՞ ոչ. ՀՌՀ նախագահ

Եթե մենք զգում ենք, որ  հեռարձակողները օգտվելով քաղաքական առիթից, սկսում են կոպտորեն խախտել էթիկայի նորմերը, եթերում թույլ են տալիս հայհոյանք, որոնք ջարդում են հաղորդացանցը, ապա մենք ստիպված ենք զգուշացնել՝ ասելով մի ձգտեք, որ ինչ-որ ձև ձեր լիցենզիան կասեցվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ երկու լրատվամիջցներ խախտել են այդ կանոնները, նրանք տեղեկացվել են այդ մասին, արդեն վարչական վարույթներ են հարուցված։

Հակոբյանի խոսքով՝ երբ տվյալ հեռուստաըներությունները հունվարից մի քանի նամակ են ստացել՝ խնդրանքներով, հորդորներով, ապա ինչ-որ հետևություններ պետք է անեին. «Ես չեմ ասել, որ վաղը փակելու եմ այդ հեռուստաընկերությունները, նրանք ձգտում են և մենք կմտածենք նրանց այդ ձգտումները բավարարենք, թե՞ ոչ»:

Լրագրողի այն հարցին, որ երբ երկրում շուրջօրյա միտինգներ են, ինչպես կարող են այդ օրենքները  գործել, Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Հենց այդ օրենքները նրա համար են, որ եթե նույնիսկ շուրջօրյա բողոքի ակցիաներ են, ապա հեռուստաընկերությունները շուրջօրյա չպետք է այդ ակցիաները  լուսաբանեն: Նրանք պարտավոր են լուսաբանել ամբողջ Հայաստանի անցուդարձը: Նրանք միտինգների  քարոզչական ապահովման գործիք չեն՝ ըստ օրենքի, եթե ուզում են քարոզչական գործիք լինել, ապա կարող են յութուբյան ալիքներ բացել և հանգիստ այդ գործը կատարել»:

Ըստ ՀՌՀ նախագահի՝ եթե լրատվական հաղորդման 90 տոկոսը օրեր շարունակ տրվում է մի թեմայի, ապա դա արդեն իսկ քարոզչություն է:

«Այդ օրենքները հստակ նշված ն, այնտեղ կան ինքնակարգավորման բաղադրիչներ, դա էթիկայի կանոնների խախտումն է: Էթիկական իննակարգավորումն առաջին հերթին նպատակ ունի նվազեցնել միջամտությունը պետության հեռարձակողների բովանդակությանը: Երբ ամիսներ շարունակ բոլոր հեռարձակողներն այս կամ այն կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր  քաղաքական հայացքներով փորձում են պաշտպանել եւ օրենքի պահանջները, եւ ներքին պայմանավորվածությունները, որովհետեւ բացի ֆորմալ հարաբերություններից, մենք ունենք նաեւ ոչ ֆորմալ հարաբերություններ, մենք փորձում ենք հեշտացնել հեռարձակողների գոյությունը, որովհետեւ կան օրենքի պահանջներ, որոնք շատը դժվար է պահպանել եւ կան մանր խախտումներ, եւ եթե մենք մեզ դնենք թփերում դարանակալած ոստիկանի տեղը, ապա ամեն շաբաթ պետք է պատժենք հեռարձակողներին: Բայց այն հեռարձակողները, որոնք սկսեցին կոպտորեն խախտել էթիկայի նորմերը, որոնք թույլ են տալիս սեռական հայհոյանք եթերում, որոնք ջարդում են հաղորդացանցը, մենք ստիպված ենք այսպես զգուշացնել, որ մի ձգտեք, որ ձեր լիցենզիան կասեցվի»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Հարցին, թե կոնկրետ որ հեռարձակողների մասին է խոսքը, նա հստակ չպատասխանեց. «Նրանք շատ լավ գիտեն դրա մասին: Նրանք տեղեկացված են, վարչական վարույթներ են հարուցված: Դուք կհետեւեք, ինքներդ կորոշեք, թե որքանով էր մեր գործունեությունը պայմանավորված իսկապես խախտումներով, որքանով քաղաքական նկատառումներով»:

  • Կիսվել: