շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկրում հաստատված է կորոնավիրուսային ծանր իրավիճակ, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ. Փաշինյան

Երկրում հաստատված է կորոնավիրուսային ծանր իրավիճակ, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ. Փաշինյան

Մենք կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է ծանր իրավիճակ, կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք:Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Վերջին շրջանում հիմնական քննարկման թեման այս իրավիճակի պատճառները հասկանալն ու քննելն է, մենք քննում ենք, թե ինչքանով են պարետատան կողմից սահմանված կանոնները իրավիճակին համապատասխանում և որքանով են ունիվերսալ՛՛:

Վարչապետի խոսքով՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով էֆեկտիվ են, խնդիրը դրանց պահպանումն է, մենք կանոնների պահպանման որակի հետ կապված խնդիր ունենք:

՛՛Մեր հիմնական ասելիքն այն է, որ կանոնները պահելը շատ կարևոր է ու պարտադիր, մենք չենք զլանա վարչական հարկադրանքի միջոցներ կիրառել, մասնավորապես՝ դիմակի կրման հետ կապված: Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների կիրառումը  կարող է բեկում մտցնել ու զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը՛՛,-ասաց Փաշինյանը:

Պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց. ՛՛Չենք բացառում կարանտինային ռեժիմի սահմանումը, սակայն ամեն ինչ պետք է անենք, որ դրան չվերադառնանք: Կլինեն խստացումներ, դրա համար խնդրում ենք մեր հայրենակիցներին, որ ըմբռնումով մոտենան, որովհետև կանոնների պահպանումը թույլ կտա իրապես նվազեցնել քանակը՛՛:

Նա նշեց, որ վարակի տարածման մարման մասին դեռ որևէ երկիր չի խոսում, հետևապես՝ մեր գերխնդիրն է, որ առողջապահապան համակարգը կարողանա ապահովել բոլորի սպասարկումը:

Ավինյանի խոսքով՝ թեստավորումն էլ կավելանա:

՛՛Կանոնների պահպանմամբ համակեցությունը նոր մարտահրավեր է՛՛,-ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ևս մեկ անգամ կարևորեց որակյալ դիմակների կարգապահ կրումը:

  • Կիսվել: