շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Երևանյան մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել

Երևանյան մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ; Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում առաջացած հրդեհը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել են Mazda մակնիշի 66 OD 909 համարանիշի և Subaru մակնիշի 35 ՍA 123 համարանիշի ավտոմեքենաները։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ժամանակավորապես հոսանքազրկել են նշված ավտոտնակները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ կատարել հրդեհաշիջման աշխատանքներ։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է ավտոտնակների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: