ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանը դարձել է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից մեկը

Երևանը դարձել է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված ուղղություններից մեկը

Թավշյա սեզոնի ընթացքում արտերկրում հանգիստը կազմակերպող ռուսաստանցիների շրջանում Երևանը դարձել է երկրորդ ամենատարածված ուղղությունը։ Աս մասին հաղորդում է Газета պարբերականը՝ վկայակոչելով OneTwoTrip-ի վերլուծաբանների ուսումնասիրությունը։

Նախընտրելի ուղղությունների շարքում Երևանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը․ դեպի Հայաստանի մայրաքաղաք կատարվել է ամրագրումների 4,3 %-ը։ Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ Երևանն այս տարի 34,4 %-ով ավելի պահանջված է դարձել։

Առաջին հորիզոնականում է Ստամբուլը, որին բաժին է ընկնում արտասահմանյան բոլոր ամրագրումների 8,9 %-ը, սակայն տարվա ընթացքում քաղաքի մասնաբաժինը նվազել է 3,3 %-ով։ Եռյակը եզրափակում է Հռոմը (3,5 %), որտեղ հյուրանոցների պահանջարկը 2022 թվականի համեմատ աճել է 43,5 %-ով։

Լավագույն տասնյակում են նաև Փարիզը (մասնաբաժինը կազմում է 3,1 %, պահանջարկն աճել է 63,2 %-ով), Ռիմինին (2,9 %, պահանջարկն աճել է գրեթե 10 անգամ), Դուբայը (2,5 %, պահանջարկը նվազել է 7,4 %-ով) Անթալիան (2,1%, պահանջարկը նվազել է 36,4%-ով), Բանգկոկը (1,9 %, պահանջարկն ավելացել է 80 %-ով), Բուդապեշտը (1,7%, պահանջարկն աճել է գրեթե 3 անգամ) և Միլանը (1,6%, պահանջարկը նվազել է 30,4 %-ով):

Անցյալ տարվա թավշյա սեզոնի համեմատ՝ Ռիմինիում կացարանների պահանջարկն ամենաշատն է աճել․ իտալական զբոսաշրջային այս քաղաքում ամրագրումների թիվն ավելացել է 9,7 անգամ:

Աճել է նաև Սեուլի (4,6 անգամ), Աթենքի (2,8 անգամ), Բուդապեշտի (2,3 անգամ) և Մադրիդի (2,2 անգամ) հյուրանոցների նկատմամբ հետաքրքրությունը։ Երկու անգամ աճել է ամրագրումների թիվը Աբու Դաբիում, Բաթումիում, Բելգրադում և Բաքվում։

  • Կիսվել: