երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում․ քաղաքապետարան

Երևանում տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում․ քաղաքապետարան

Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում (փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը:

Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ):

Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով: Տեղեկացնեմ նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տրոլեյբուսը հորդառատ անձրևից հետո հայտնվել ջրափոսում։

  • Կիսվել: