երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեւանում տեղի կունենա Ֆերման Թորոսլարի «Աքսոր» գրքի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը

Երեւանում տեղի կունենա Ֆերման Թորոսլարի «Աքսոր» գրքի արևմտահայերեն թարգմանության շնորհանդեսը

Սույն թվականի հունիսի 9-ին, ժամը 14։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում տեղի կունենա ներկայում ԱՄՆ-ում բնակվող արևմտահայ հուշագիր Ֆերման Թորոսլարի «Աքսոր․ ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» հուշագրության հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Թարգմանիչը Հայաստանում մշտական բնակություն հաստատած սփյուռքահայ մտավորական Մարի Մերտխանեան-Եարալեանն է («Լուսակն» հրատարակչություն, հայերեն հրատարակության խմբագիր՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյան, առաջաբանի հեղինակ՝ պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյան, 220 էջ)։

Այդ մասին հայտնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի պաշտոնական կայքէջ Akunq.net-ը։

Հիշեցնենք, որ սույն հուշագրության թուրքերեն հրատարակումն իրականացվել էր Կ․Պոլսում գործող «Արաս» հայկական հրատարակչության կողմից, 2013 թ․։

Գրքում ներկայացված է Արևմտյան Հայաստանում 1930-ական թվականներին թուրքական իշխանությունների իրականացրած ռազմական գործողության շրջանակներում Մոտկանից Թուրքիայի այլ շրջաններ աքսորված Թորոսյան ընտանիքի պատմությունը:

Ի դեպ, սույն հուշագրությունն այնքան մեծ արձագանք է ստացել Թուրքիայում, որ «Արաս»-ը գրքի թուրքերեն բնագիրը վերահրատարակել է 5 անգամ և ներկայում պատրաստվում է այն տպագրել 6-րդ անգամ։

«Աքսոր․ Ապստամբութեան բովէն անցած մութքեցի հայ ընտանիք մը» հուշագրության մեջ ներկայացվում է, թե ինչպես է հեղինակի ընտանիքը, որի ազգականների մեծ մասը կոտորվել էր, 1930-ականն թվականներին «Վերաբնակեցման մասին» օրենքի (İskân Kanunu) շրջանակներում աքսորվում Թուրքիայի արևմտյան նահանգներ:

Երկար տարիներ դժվարին պայմաններում ապրել հարկադրված Թորոսյան ընտանիքը թեև փորձում է ինչ-որ կերպ նախնիների հողը վերադառնալ, սակայն աքսորի հրամանն անշրջելի էր…

Ստորև ներկայացնում ենք գրքի արևմտահայերեն թարգմանության խմբագրի՝ բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանի ներածական խոսքը

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

«Կրօնափոխ հայերի կեանքը Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման օրուանից մինչեւ 20-րդ դարի 80-ական թուականները փակ թեմա էր. այն ոչ միայն բացակայ էր Թուրքիայի ազգային քաղաքականութեան օրակարգից, այլեւ գոյութիւն չունէր պետական-հասարակական կեանքի քննարկումներում. հանրութիւնը ծանօթ չէր խնդրին: Այդ խորհրդաւոր եւ ծպտեալ կեանքի մասին որոշ կցկտուր պատկերացում կարելի էր կազմել երկրից հեռացած կրօնափոխ հայերի կամ նրանց սերունդների հատուկէնտ յուշագրութիւններից, հարցազրոյցներից եւ այլն:

Հարցին առաջին անգամ հրապարակայնօրէն անդրա¬դարձաւ Պոլսոյ հայոց պատրիարք Շնորհք Արք. Գալուստեանը 1980 թ.` խօսելով ծպտեալ եւ կրօնափոխ հայերի խմբերի, նրանց կրօնափոխութեան խնդիրների եւ հանգամանքների մասին: Նրա խօսքը շրջադարձային եւ պատմական նշանակութիւն ունեցաւ ոչ միայն հարցը հետազօտողների, այլ նախ եւ առաջ իրենց՝ կրօնափոխ հայերի համար, որոնց ոչ բնակութեան վայրերն էին մինչ այդ յայտնի, ոչ թիւը, ոչ նրանց նկատմամբ պետութեան վարած քաղաքականութիւնը, ոչ էլ այլ տեղեկութիւններ: Ազգային հարցը Թուրքիայում գործող բազմաթիւ թապուներից մէկն էր, որի մասին խօսելը բնականաբար ունէր ծանր, եթէ ոչ ճակատագրական հետեւանք: Այդ հարցի սահմանադրական ձեւակերպումը նոյնիսկ այսօր բազմաթիւ օրէնսդրական արգելքներ է նախատեսում: Թուրքիայի Հանրապետութեան Սահմանադրութեան 66–րդ յօդուածն ամրագրում է. «Թուրքիայի պետութեան հետ քաղաքացիական կապով կապուած ամէն ոք թուրք է», այսինքն՝ Թուրքիայի քաղաքացին թուրք է:

Ցեղասպանութեան տարիներին տեղահանութիւնից եւ կոտորածներից մի կերպ փրկուածներին սպասում էին բռնի իսլամացում եւ թրքացում, որ նոյնպէս ցեղասպանական գործողութիւն է եւ ըստ էութեան շարունակւում է մինչեւ այսօր: Վերջին տարիներին բաւականաչափ գրուեց ու խօսուեց նրանց մասին: Այդ գրքերից մի քանիսը ծանոթ են հայ ընթերցողին (Քէմալ Եալչըն, Հոգիս քեզմով կը խայտայ, 2004 թ., Ֆէթհիէ Չէթին, Մեծ մայրս, 2008 թ., Այշէկիւլ Ալթընայ, Ֆէթհիէ Չէթին, Թոռներ, 2011 թ.,):

Հեղինակները կամ թուրք եւ քուրտ ընտանիքներում «թաքնուած» հայուհիներից ծնուած թոռներն ու ծոռներն են, ինչպես Ֆէթհիէ Չէթինը (մամուլում եւ գրականութեան մէջ սրանց կոչեցին «քըլըչ արթըղը» (թրից պրծած), այսինքն` «եա¬թաղանի մնացորդներ»), կամ թուրք գրողներ են, ինչպես Քէմալ Եալչընը:

Ընթերցողին ներկայացուող գրքի հեղինակը ոչ մէկ եւ ոչ էլ միւս խմբից է: Նա բռնի կրօնափոխուած եւ երկար տարիներ ծպտուած կեանքով ապրած ընտանիքի աւագ որդին է, որը միայն երիտասարդ տարիներին է տեղեկանում, որ իրենք հայ են, եւ որ իր ընտանիքի՝ տառապանքներով ու զրկանքներով լի կեանքի պատճառը հէնց հայ լինելն է: Հայ էին, սակայն ինքն այդ մասին չգիտէր, քանզի իրեն չէին ասել այդ մասին, իսկ չէին ասել, որովհետեւ դա կարող էր կեանք արժենալ:

Թէեւ հեղինակն իր գիրքը համարում է յուշագրութիւն, սակայն ակնյայտ է, որ գործ ունենք գեղարուեստի տաղանդով օժտուած մի հետաքրքիր անհատականութեան հետ, որի ստեղծագործութիւնն օժտուած է ինքնակենսագրական վէպի յատկանիշներով եւ որակներով: Ցաւօք Ֆ. Թորոսեանը զրկուած է եղել անգամ տարրական կրթութիւն ստանալու հնարաւորութիւնից: Երիտասարդութեան տարիներին մի կերպ սովորել է գրել-կարդալ, որով եւ աւարտուել է նրա ուսումը: Հազարաւոր հալածեալների եւ սեփական երկրում երկար ու ձիգ տարիների աքսորեալների ծանր կեանքի հետաքրքիր խտացումն է Թորոսեան ընտանիքի այս ուշագրաւ պատումը:

Հեղինակը հետաքրքիր պատմող է, օժտուած լինելով կարեւորն անկարեւորից տարբերելու բնատուր կարողութեամբ, չափի զգացումով եւ սուր դիտողականութեամբ՝ իր յուշերի իրական դէմքերից յաճախ կարողացել է կերտել է յիրաւի գեղարուեստական կերպարներ, որոնցից պէտք է առանձնացնել ծնողներին, յատկապէս մօրը, որին բաժին են հասնում կեանքի ամենածանր հարուածները՝ մի քանի երեխայի մահը, անասելի թշուառութիւնը, սովը, երեխաներին կերակրելու, հագցնելու, տարրական պայմաններով ապահովելու ամենօրեայ հոգսը: Յաճախ կեանքի համար գրեթէ անհամատեղելի պայմաններում գոյատեւող մարդիկ զարմանալի կենսունակ են, հաւատով լի: Մայրը նոյնիսկ այս պայմաններում հոգ է տանում, որ երեխաները չուրանան իրենց ինքնութիւնը, իրենց հոգում վառ պահեն հաւատն ու յոյսը:

Մոր ջանքերն իզուր չեն անցնում: Եւ ահա, երբ պէտք է ծնուէր հեղինակի առաջնեկը, նրա մտասեւեռումը մէկն էր՝ երեխան պէտք է գրանցուի որպէս քրիստոնեայ, որը հայութեան ինքնութեան ցուցիչն է Թուրքիայում: Բայց դա դիւրին գործ չէր: Մինչ օրս էլ կրօնափոխ գաւառահայերը լուրջ դժուարութիւններ են յաղթահարում ծննդեան վկայականում նման գրանցում ունենալու համար: Ուշագրաւ է հեղինակի այն դիտարկումը, թէ ինքնութեան համար միայն կրօնական պատկանելութեան հարցի լուծումը բաւարար պայման չէ. «Մեր գրանցման «Կրօնք» բաժնին մէջ «իսլամ» գրուած էր անշուշտ: 1962-ին մեծ որդիիս՝ Կիւլպէնկի ծնունդը սպասած ժամանակ այս նիւթը մտասեւեռումս եղած էր: Միայն իսլամութեամբ չէր… վերէն վար թրքացեր էի՝ տեղեակ չէի: Հօրս անունը Ղազարի փոխարէն՝ Հասան, մօրս անունը Գայանէի փոխարէն՝ Քէհնի, քոյրերս՝ Մարիամի եւ Նուրիձայի փոխարէն Մէրիէմ եւ Նուրիէ արձանագրուած էին»:

Բռնի կրօնափոխութեան յաջորդ փուլը թրքացումն է, որը Թուրքիայի ազգային քաղաքականութեան բուն նպատակն է: Դեռեւս 1925թ. վարչապետ, յետագայում՝ նախագահ Իսմէթ Ինինիւն յայտարարում է. «Ինչ գնով ուզում է լինի, մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրողներին, իսկ թուր¬քերի եւ թրքականութեան դէմ դուրս եկողներին` ոչնչաց¬նելու»:

Հայերի աքսորը, ծանր հարկային քաղաքականութիւնը, ազգային-կրօնական հողի վրայ հալածանքներն ու այլ բռնութիւններն ունէին մէկ նպատակ այն ժամանակ, որը գրեթէ չի փոխուել նաեւ մեր օրերում: 2009 թ.Մարտ ամսին Հաքքարիում դարձեալ վարչապետ, յետագայում դարձեալ Թուրքիայի նախագահ Ռէճէպ Թայիպ Էրտողանն այդ միտքը բանաձեւեց այսպէս. «Մէկ լեզու, մէկ ազգութիւն. ով որ չի հաւանում, կը թողնի-կը գնայ»:

Շատերը գնացին:

Բայց շատերն էլ դեռ տոկում են, դիմադրում յոյսով, որ իրենց հայրենի հողի՝ Արեւմտեան Հայաստանի վրայ մի օր կը բացուի իրենց պապերի արեւը՝ ՀԱՅԻ ԱՐԵՒԸ:

ՀԳ: Ցանականում եմ յատուկ նշել գիրքը գեղեցիկ արեւմտահայերէնի վերածելու հանգամանքը, որի համար պարտական Մարի Մերտխանեան- Եարալեանին: Այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ հէնց այս լեզուով է մտահղացուել ու գրի առնուել արեւմտահայ ընտանիքի տառապանքի, տոկունութեան եւ յոյսի այս յուզիչ պատմութիւնը»:

Մուտքն ազատ է հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

Ամսաթիվ` 2022 թ. հունիսի 9, ժամ՝ 14։00։

Հասցե` Գյուլբենկյան 38 (ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն), 5-րդ հարկ։

  • Կիսվել: