Երևանում Քևին Սփեյսիի հետ հանդիպումը չեղարկվել է
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից հունիսի 25-ին հայտնել էին, որ կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու դերասան Քևին Սփեյսին։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սփեյսիի հետ Ամերիկյան համալսարանում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։
«Հանդիպում ենք նույն օրը՝ 15:00, Կինոյի տանը, իսկ տարատեսակ ՀԿ-ների ճնշման ներքո Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից Սփեյսիի հետ հանդիպման չեղարկումը հիշեցրեց վերջերս տեղի ունեցած 6 րոպեանոց հոտնկայս ծափահարությունները Տիմոն Աթենացու շեքսպիրյան մոնոլոգից հետո, ուշադրություն՝ Օքսֆորդի համալսարանում»,- գրել է Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ հանրահայտ դերասանի դեմ մոտ մեկ տասնյակ տարբեր դրվագներով մեղադրանքներ էին ներկայացվել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Խոսքը հիմնականում սեռական ոտնձգության դեպքերի մասին է։