Երևանում պարեկները կանգնեցրել են «Ford»-ը. վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, թմրանյութի նմանվող զանգված և դանակ
Հուլիսի 13-ին՝ ժամը 02։20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները Մայիսի 9-ի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, վարորդը և ուղևորները թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք պահելու կասկածի հիմքով ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով, քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Վահագն Պ․-ն, 20-ամյա Սամվել Գ․-ն և փախուստի փորձ կատարած 19-ամյա Գառնիկ Ս․-ն:
Արդեն ոստիկանությունում Գառնիկ Ս․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «EKOL P29» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, իսկ նշված հասցեի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և շեղբի 8 սմ երկարությամբ ծալովի դանակ:
Կայքի փոխանցմամբ, դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք Գառնիկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամաբ նա ձերբակալվել է։