ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեւանում գովազդային վահանակների վրա Արցախը առանց Ադրբեջանին անցած տարածքների է. քաղաքապետարանի մեկնաբանությունը

Երեւանում գովազդային վահանակների վրա Արցախը առանց Ադրբեջանին անցած տարածքների է. քաղաքապետարանի մեկնաբանությունը

Երեւանի փողոցներում տեղադրված «Ռեսո» ապահովագրական ընկերության գովազդային վահանակների վրա Արցախը ներկայացված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված տարածքներով՝ առանց 7 շրջանների: Քարտեզում պատկերված են Հայաստանն ու Արցախը, սակայն Արցախն առանց Հադրութի, Շուշիի եւ այն բնակավայրերի է, որոնք իր մասն էին կազմում մինչեւ հայ-ադրբեջանական վերջին պատերազմը: 

Սա սոցիալական ցանցերում քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել:

Մայրաքաղաքում գովազդներ տեղադրելու թույլտվությունը տալիս է Երեւանի քաղաքապետարանը, ուստի հետաքրքրվեցինք, թե «Ռեսո» ապահովագրական ընկերությանը գովազդ տեղադրելու թույլտվություն տալուց առաջ քաղաքապետարանը ծանոթ եղե՞լ է դրանց բովանդակությանը: Խնդրել էինք նաեւ նշել, թե արդո՞ք որեւէ խնդիր չեն տեսել:

Քաղաքապետարանից armtimes.am-ին պատասխանել են, որ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը գովազդային պաստառին ներկայացրել է այն քարտեզը, որտեղ այս պահին ծառայություններ է մատուցում: Ըստ այդմ, քարտեզի վրա այն հատվածն է, որն այս պահին տնօրինվում է Արցախի կողմից:

««Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի կողմից համաձայնեցման նպատակով Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչություն ներկայացվել է «Ռեսո» ապահովագրական ընկերության գովազդային հայտը: Ապահովագրական ընկերության ծառայությունների մասին տեղեկատվությունը պարունակող բովանդակությունը համաձայնեցվել է արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության կողմից»,- հայտնել են քաղաքապետարանից:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ հավելել են, որ դեմ են մատուցման ձեւին: Քաղաքապետարանի գովազդի վարչությունը ապահովագրական ընկերությանը հորդորել է՝ կատարել համապատասխան փոփոխություն եւ կազմակերպության ծառայությունների աշխահագրությունը ներկայացնել այլընտրանքային պատշաճ ձեւաչափով: «Ձեր մատնանշած գովազդային վահանակները առավելագույնս սեղմ ժամկետում կփոխարինվեն»,- եզրափակել են քաղաքապետարանից: 

  • Կիսվել: