շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում բուսաբանական այգու դիմաց BMW-ն բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել. կա վիրավոր

Երևանում բուսաբանական այգու դիմաց BMW-ն բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում, BMW մակնիշի 46 RO 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա և Ավան վարչական շրջանի տարածքում գտնվող էստակադայի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել մի քանիսն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: