չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Երևանում այս տարի շուրջ 40 կմ գազատար կանցկացվի, Մուշական թաղամասը կոյուղատար կունենա

Երևանում այս տարի շուրջ 40 կմ գազատար կանցկացվի, Մուշական թաղամասը կոյուղատար կունենա

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն: Քննարկված հարցերը ներկայացնում ենք ստորև:

***
Հաշվի առնելով Արտաշատի խճուղի-Նորագավիթ ճանապարհահատվածում տեղի ունեցող մշտական վթարներն ու առաջացող խցանումները՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրով տարածքում նախատեսվում է տրանսպորտային նոր հանգույցի կառուցում: Նախագծով Նորագավիթից գյուղեր տանող ճանապարհի վրա կկառուցվի ուղեանց, և խաչմերուկային խնդիրներ այլևս չեն առաջանա: Հարկ է նշել, որ ճանապարհահատվածը համարվում է Հյուսիս-հարավ մայրուղու մուտքը, կյանքի կոչվող ծրագրով կապ կհաստատվի Արտաշատի խճուղու հետ: Մայրուղու կառուցման ժամանակ, ի դեպ, այդ հատվածը շրջանցել են և ծրագրում չի ներառվել, ինչն էլ վթարավտանգ  վիճակ է ստեղծել:  

***
Երևանում, օրեցօր մեծացող կառուցապատման ծավալներին զուգահեռ առաջ է գալիս նաև ենթակառուցվածքների խնդիր:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրով Երևանում այս տարի շուրջ 40 կմ գազատար կանցկացվի: Նորաստեղծ հաղորդուղին աննախադեպ է իր ծավալով: 

***
Երևանյան պոլիկլինիկաներում բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով համայնքային ծրագրերով նորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում: Այս տարի հարմարավետ պայմաններ կապահովվեն թիվ 5, 12 պոլիկլինիկաներում, «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում ու թիվ 8 պոլիկլինիկայի «Կիլիկիա» մասնաճյուղում: 

***
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է: Առաջիկայում կմեկնարկի երկրորդ հատվածի շինարարությունը:  Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով առանձնացող ու շատրվանային ընդարձակ համալիրով այգում կստեղծվեն նոր ու հարմարավետ պայմաններ: 

***
Մուշական թաղամասը կոյուղատար համակարգ կունենա. կկառուցվի շուրջ 4.6 կմ կոյուղագիծ: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: 

***
Երևանի երբեմնի անտառները վերականգնելու ծրագրով Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Բարդ տեղանքում գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում: Տարածքում կանցկացվի 4 կմ ոռոգման նոր համակարգ: 

***
Համայնքը նախատեսում է իրականացնել տնկարանային տնտեսության ընդլայնման ու զարգացման, ինչպես նաև ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիր: Սա, ըստ էության, սեփական կարողություններ ստեղծելու նախագիծ է: 

«Երևանում պետք է տնկվեն այն ծառերը, որոնք հենց մենք ենք աճեցրել. նախագիծն էականորեն կնվազեցնի մեր ֆինանսական բեռը: Մեր մոտեցումը հստակ է. քաղաքում շարունակելու ենք ծառատունկերն ու հիմնելու ենք նոր անտառներ ու պուրակներ»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը: 

  • Կիսվել: