ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել

Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լևոն Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով Maserati մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Դավթյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները նրանց դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքը հայտնում է, որ Maserati-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, որը վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները հայտնաբերել են նրան, ու երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է՝ ասելով, թե վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:

Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն նույնպես հրաժարվել է, ինչից հետո քննիչը ստիպված բժիշկներին հանձնարարել է, որպեսզի արյան նմուշ վերցնեն:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում պարզվել է, որ 3-րդ վիրավորը Toyota-ի ուղևոր` Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Սեյրան Կարապետյանն է:

  • Կիսվել: