ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում 345 հանրային ծառայողի համար շենք է կառուցվում

Երևանում 345 հանրային ծառայողի համար շենք է կառուցվում

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Հանրային ծառայողներին բնակարանով ապահովման նպատակով Երևանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:

Որոշման համաձայն, նշված համալիրի թվով 619 բնակարաններից սահմանված կարգով վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք այս որոշման մեջ նշված շահառուներին կհանձնվեն 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ թվով 200 և մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ թվով 145 բնակարան:

Շենքային համալիրի բնակարանների եւ ավտոկայանատեղիների բաշխման ու վաճառքի աշխատանքները ՀՀ անունից՝ կազմակերպում և ղեկավարում է Քաղաքաշինության կոմիտեն:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանն նիստում հայտնեց, որ այս ծրագրի մասով պետությունը որևէ ֆինանսական պարտավորություն չունի։

«Պետության դերն առավելապես կազմակերպչական և վերահսկողական է լինելու: Պետության մասնակցության բաղադրիչը երաշխավորված պահանջարկի ապահովումն է և եկամտահարկի վերադարձն է որպես նորակառույց բնակարանի ձեռքբերում»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագրի շահառուները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց աշխատավայրը գտնվում է Երևանում:

Շահառու կարող են լինել նաև  ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, այլ երկրներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

Բնարականների մեկ քմ-ի արժեքը ներքին հարդարմամբ 345 հազար դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2,5 մլն դրամ է: Կանխավճարը 10 տոկոս է, իսկ վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է: Վարկի տոկոսադրույքը 10 է: Բնակարաններն ու ավտոկայանատեղիները բաշխվելու են վիճակահանությամբ: Ավտոկայանատեղիների ձեռքբերումը կամավոր է:  Շինարարությունը սկսվելու է մոտ օրերս:

  • Կիսվել: