ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր. վարչապետ

Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր. վարչապետ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար 966 արձանագրություն է կազմել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Նրա խոսքով, քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից  594-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ  63-ը՝ ավտոբուսների և երթուղային մեքենաների վարորդների և տնտեսվարողների նկատմամբ։

«Երեկ արդեն 69 մարդատար տրանսպորտային միջոցների նկատմամբ են կազմվել արձանագրություններ, որոնցում եղել են ընտանիքի անդամներ կամ այլ քաղաքացիներ»,- ասաց Արման Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ ի կատարումն պարետատան կողմից մայիսի 26-ին տրված հանձնարարականի՝ այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան քանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվի կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այդ անցակետերի նպատակն է համոզվել, որ ոչ մի մեքենա չի երթևեկում առանց դիմակի:

«Այն մեքենաները, որոնց ուղևորները կերթևեկեն առանց դիմակի, անկախ նրանից նույն ընտանիքի անդամ են, թե ոչ, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ես ակնկալում եմ, որ մեր միջոցառումներն ավելի խստացվեն և լրջանան: Եվ ամեն օր այս թեմայի լրջությունը պետք է երևա մեր փողոցներում ու բնակավայրերում», - ասաց վարչապետը:

Ըստ նրա, նաև պայմանավորվել են, որ որոշակի բնակավայրերում, Երևանի վարչական շրջաններում կիրականացվեն ամենօրյա ռեյդեր, որպեսզի նաև տեղում համոզվեն, թե որքանով են պահպանվում սահմանված կանոնները:

«Երեկ նման միջոցառում եղել է Դավթաշեն վարչական շրջանում, այսօր ևս կլինի որևէ շրջանում, ինչի մասին, բնականաբար, նախօրոք չի ասվելու: Մեր ակնկալիքն այն է, որ կանոնների պահպանումը հասցնենք ամենաբարձր մակարդակի, որպեսզի գրանցվի վարակի ամենացածր ցուցանիշ»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: