երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու Նիժնի Նովգորոդի քաղաքապետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու Նիժնի Նովգորոդի քաղաքապետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևի հրավերով Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ այցելել է Նիժնի Նովգորոդ՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:

Այցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի քաղաքապետի հետ, քննարկել երկու քաղաքների միջև համագործակցության մեկնարկի հետ կապված հարցեր: Յուրի Շալաբաևն ընդգծել է, որ Երևանի և Նիժնի Նովգորոդի միջև հնարավոր են փոխգործակցության բազմաթիվ ուղղություններ։

«Հայկական մշակույթն աշխարհի հնագույններից մեկն է, Երևանն էլ նշել է 2800-ամյակը: Նիժնի Նովգորոդը ևս ունի հարուստ մշակույթ և ավանդույթներ: Մենք կարող ենք համագործակցել բազմաթիվ ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, սոցիալական քաղաքականություն, սպորտ, տնտեսական հարաբերություններ: Հուսով ենք՝ հետագայում կկարողանանք ստորագրել բարեկամական հարաբերություններ հաստատելու համաձայնագիր և կշարունակենք մեր երկկողմ հարաբերությունները նոր մակարդակում»,- նշել է նա։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր հերթին ընդգծել է, որ երկու քաղաքների միջև կա փոխադարձ ըմբռնում և ցանկություն գործընկերական կապեր հաստատելու ուղղությամբ:

«Մենք մեծ հաճույքով ընդունեցինք հրավերը՝ մասնակցելու Նիժնի Նովգորոդի օրվան նվիրված միջոցառումներին: Սա նաև լավ հարթակ է՝ քննարկելու հնարավոր գործակցության ուղղությունները: Վստահ եմ, բացի հումանիտար և մշակութային ոլորտներից, հեռանկարային են սոցիալական, առևտրատնտեսական բնագավառներում համատեղ ծրագրերը, նաև երիտասարդության միջև կապերի ամրապնդումը»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Կողմերը պայմանավորվել են իրատեսական ուղղություններով համագործակցություն հաստատելու նպատակով նախապատրաստել համապատասխան համաձայնագրի նախագիծ:

  • Կիսվել: