երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երեւանի հ. 116 դպրոցն անվանակոչվեց Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի անունով

Երեւանի հ. 116 դպրոցն անվանակոչվեց Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի անունով

Երեւանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում որոշեց Երևանի հ.116 հիմնական դպրոցը  անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 55 կողմ, զրո դեմ ձայներով:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել «Ադմիրալ Սամոյի» անունով դպրոցի անվանակոչության քվեարկությանը, քանի որ շատ լավ ճանաչել է նրան. «Տղերքից դեռ շատերն ունեն դպրոցների ու փողոցների անվանակոչության արժանիքներ, հուսով եմ հաճախ կգան նման նախագծեր»,-ասաց նա:

Ավագանու նիստին մասնակցող ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ մի դեպք պատմեց Սամվել Հովսեփյանի խիզախությունից. «1992-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ղարաթաղլու գյուղի ազատագրման ժամանակ թուրքերը հավաքվել էին գյուղի դպրոցում եւ կատաղի դիմադրություն էին ցույց տալիս: Թեժ մարտերի ժամանակ Սամվելը սպիտակ դրոշով դուրս էր եկել թուրքերի դիմաց եւ առաջարկել էր հանձնվել: Ասել էր՝ մենք բարեկամ ժողովուրդ ենք, անիմաստ ուրիշների ձեռքով իրար ենք սպանում, եւ համոզել էր: Թուրքերը նռնակ էին գցել Ադմիրալի ոտքերի տակ, ինքը ոտքով խփել էր, տրաքել էր: Իր բանակցությունների արդյունքում թուրքերը հանձնվեցին, գրեթե 100 մարդ: Դրանց մեջ մի գող էլ կար»:

Սամվել Հովսեփյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 2-ին Երևանում: 1965թ. հաճախել է Երևանի հ.90 միջնակարգ դպրոցը: 1967-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի հ.116 միջնակարգ դպրոցը: 1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1989-1994թթ. մասնակցել է Արցախի համար մղված ազատագրական և ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին՝ 1989թ.՝ Կոռնիձոր գյուղի պաշտպանությանը, 1990թ.՝ Էրեբունի թանգարանի մոտ խորհրդային զորքերի դեմ մարտին, Արծվաշենի մարտական դիրքերի, Երասխավան, Բարձրունի, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի պաշտպանությանը, Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի ազատագրմանը, 1991թ.՝ Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանությանը, 1992թ.՝ Ղարադաղլու և Իվանյան (Խոջալու), Ներքին Հոռաթաղ, Մաղավուզ, Խնապատ, Փրջամալ գյուղերի ու Մարտակերտ քաղաքի ազատագրմանը, Խոզնավար, Ղարաղշլակի, Ղոչազ լեռան ինքնապաշտպանական մարտերին, Ասկերանի, Փոքր Ջիլլի, Մեծ Ջիլլի, Խրամորթի, Նախչևանիկի, Պուշկիյալի, Գեղարքունիքի Արծվաշեն և Վահան գյուղերի պաշտպանությանը:

Նույն թվականի մարտ ամսին Ոսկեպարում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել է, ՀՀ կառավարության աջակցությամբ տեղափոխվել է Ֆրանսիա՝ վիրահատման: 1993թ. դեռ չապաքինված, վերադառնալով Հայաստան, մասնակցել է Քաշաթաղի պաշտպանությանը, նույն թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ 254 հրամանի համաձայն ստեղծված «Արծիվ 24» գումարտակի հրամանատար:

Մասնակցել է Քարվաճառ, Աղդամ, Կուբաթլու, Հորադիզ բնակավայրերի ազատագրմանը: 1993թ. ԵԿՄ առաջին, երկրորդ, երրորդ համագումարներում ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ և ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ: 1994թ. հրադադարից հետո մասնակցել է ԱՀ Շահումյանի շրջանի «Եղնիկներ» մարտական դիրքերի հերթապահությանը:

Եղել է «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ վարչության անդամ: 1995-1997թթ. ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման վարչության պետի տեղակալ, միաժամանակ մասնակցել է ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացին: 1997-1999թթ. նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, 1999-2001թթ.` ՀՀ ՊՆ Բալահովիտի գնդի հրամանատար, 2001-2002թթ.` ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 2002թ. զորացրվել է ՀՀ զինված ուժերից (2-րդ կարգի զինհաշմանդամ):

2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Պատերազմն սկսելու օրից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո առողջական վճակը կտրուկ վատացել է: Մահացել է 2016թ. նոյեմբերի 9-ին, հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում:

Սամվել Հովսեփյանը պարգևատրվել է ՀՀ «Արիության», ԱՀ «Արիության», ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով: 05.03.2021թ. հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Ամբասիր ծառայության առաջին և երկրորդ աստիճան», ԱՀ Հ/Կ «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալներով:

«Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը դպրոցի շրջանավարտ, 2016թ. արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Ս. Միքայելյանի կողմից, հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

  • Կիսվել: