կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի դպրոցներից մեկը կանվանակոչվի հայ շախմատիստ Կարեն Ասրյանի անունով

Երևանի դպրոցներից մեկը կանվանակոչվի հայ շախմատիստ Կարեն Ասրյանի անունով

Երևանի ավագանին փետրվարի 8-ին նիստին որոշում կընդւոնի Երևանի համար 171 հիմնական դպրոցն անվանակոչելու մասին։

Որոշման նախագծում ասվում է․

««Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով՝ «Երևանի Կարեն Ասրյանի անվան հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն»:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը քննարկվել է դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններում և արժանացել հավանության:

Նշվում է նաև, որ Կարեն Ասրյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 24-ին Երևանում: Առաջին կարգային դարձել է 6 տարեկանում, ինչը շախմատային աշխարհում համարվում է բացառիկ ցուցանիշ։ 1990թ. Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում լրացրել է վարպետության թեկնածուի նորման։ Եթե աշխարհի չեմպիոններ Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն արժանացել է 9 տարեկանում։ 1996թ. սեպտեմբերին նրա անհատական գործակիցը եղել է 2310, իսկ մոտ 2 տարի անց նա այն հասցրել է 2600-ի, այսինքն վաստակել է 290 կետ, որն արժանի էր Գինեսի ռեկորդի։

1996թ. Կարենը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնած միջազգային մրցաշարում նվաճել է «Կասպարովի գավաթը»։ 1998թ-ից նա կրել է գրոսմայստերի տիտղոս։ Երեք անգամ (1999, 2007, 2008թթ.) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

Հաղթել է «Տիգրան Պետրոսյանի» (1996, 1997, 2004թթ.) անվան և այլ միջազգային մրցաշարերում։ Հայաստանի հավաքականի կազմում 2006թ-ին Թուրինում նվաճել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Եղել է համաշխարհային օլիմպիադաների (2002, 2004թթ.), աշխարհի թիմային առաջնությունների (2001, 2005թթ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի թիմային առաջնության (2007թ.) արծաթե մեդալակիր։ 1996թ. երևանյան օլիմպիադայում ցույց տված լավագույն արդյունքի համար 16-ամյա Կարենն արժանացել է ոսկե մեդալի։

Նա բազմիցս տեղ է զբաղեցրել աշխարհի հարյուր լավագույն շախմատիստների ցուցակում: Այդպիսի տեղ նա ուներ նաև իր մահվան պահին, երբ նրա միջազգային վարկանիշը 2630 էր։ Կարենն իր ամենաբարձր ԷԼՈ վարկինիշին՝ 2646, հասել է 2006թ-ին։ 2005թ. Իսրայելի Բեերշեվա քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի։

Մարզական ակնառու հաջողությունների համար Կարեն Ասրյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով։ Գործնականում, լինելով անպարտելի, Կարենը փնտրված շախմատիստ էր թիմային մրցաշարերում։ Հայաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Իրան… ահա ոչ լրիվ ցանկն այն երկրների, որոնց ակումբները մեծագույն սիրով հրավիրում էին նրան խաղալու իրենց շարքերում և, որպես կանոն, այդ ելույթներն ավարտվում էին հաջողությամբ։

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Կարենն արդեն նաև հմուտ մարզիչ էր։ Կյանքի վերջին ամիսներին նա կատարում էր Իրանի ազգային հավաքականի մարզչի պարտականությունները։

Կարեն Ասրյանը մահացել է 2008թ․ հունիսի 9-ին ուղեղի կաթվածից։ Նա կյանքից հեռացել է որպես համաշխարհային օլիմպիադայի և Հայաստանի գործող չեմպիոն։

  • Կիսվել: